Օվերչուկը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ


Օվերչուկը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

  • 24-11-2021 12:40:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
 
Դատելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարից՝ հանդիպմանը մասնակցել է նաև աշխատանքային խմբի ադրբեջանցի համանախագահ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
 
Բանակցությունների վերաբերյալ մանրամասներ պաշտոնական Բաքուն առայժմ չի հաղորդում։
 
Եռակողմ աշխատանքային խումբը, երեք պետությունների ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն, զբաղվում է տարածաշրջանային ապաշրջափակմանը վերաբերող հարցերով։
 
Նոյեմբերի 26-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
 
Տաթեւիկ Լազարյան
Գեւորգ Ստամբոլցյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը