Ո՞ր դեպքում է հնարավոր որդեգրել երեխա և ի՞նչ ընթացակարգով է իրականացվում գործընթացը


Ո՞ր դեպքում է հնարավոր որդեգրել երեխա և ի՞նչ ընթացակարգով է իրականացվում գործընթացը

  • 24-11-2021 14:42:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմքում դիտարկելով երեխայի լավագույն շահի ապահովումն որպես առաջնահերթություն՝ նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենսաբանական ընտանիքներ վերադարձի ուղղությամբ։   
 
Բոլոր այն դեպքերում, երբ երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիք հնարավոր չէ կամ չի բխում երեխայի լավագույն շահից, որպես ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի եղանակներ են դիտարկվում խնամատարությունը և որդեգրումը։  
 
Երեխա որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիները նախ պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարանի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան) աշխատակազմ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը և դրանց պատճենները՝
 
1) անձը հաստատող փաստաթուղթ,
 
2) բնակարանային պայմանների մասին տեղեկանք` տրված բնակության վայրից,
 
3) ընտանիքի կազմի մասին տեղեկանք` տրված բնակության վայրից,
 
4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մասին տեղեկանք,
 
5) անձի պատշաճ վարքագծի մասին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,
 
6) բժշկական փաստաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով,
 
7) ամուսնության վկայականի պատճենը (եթե ամուսնացած է),
 
8) երեխայի` ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարուց ավելի համատեղ չեն ապրում, և մյուս ամուսնու բնակության վայրն անհայտ է,
 
9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին։
 
Վերոնշյալ փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական և անթերի լինելու, որդեգրումն արգելող` օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դեպքերում, ինչպես նաև անձի կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա աշխատակազմը տալիս է դրական եզրակացություն, որն ուժի մեջ է այն տալու օրվանից 12 ամիս: Դիմումատուն դրական եզրակացության հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառվում է որպես որդեգրել ցանկացող անձ։
 
Աշխատակազմը որդեգրել ցանկացող անձի անձնական գործի պատճենահանված օրինակը հաշվառման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է նախարարություն` կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով:
 
Նախարարությունն աշխատակազմից ստացված անձնական գործի հիման վրա որդեգրել ցանկացող անձին վերցնում է կենտրոնացված հաշվառման և 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում աշխատակազմին ու որդեգրել ցանկացող անձին։
 
Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրել ցանկացող անձինք որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով կարող են դիմել իրենց բնակության վայրի աշխատակազմ` ծանոթանալու որդեգրման ենթակա երեխաների ցանկին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն