Մոսկվան բացասաբար է վերաբերվում Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին


Մոսկվան բացասաբար է վերաբերվում Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին

  • 24-11-2021 15:34:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
CIVILNET .Կրեմլը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին», որին, ի թիվս 110 երկրների ու տարածքների՝ մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (առցանց):
 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովը» ԱՄՆ-ի՝ նոր բաժանարար գծեր ստեղծելու փորձ է անվանել և ընդգծել, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում այդ միջոցառմանը:
 
«Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր բաժանարար գծեր անցկացնելու փորձ։ Մենք պայքարել ենք 1990-ականների սկզբին, որպեսզի բաժանարար գծերը հեռացվեն, բայց այժմ Միացյալ Նահանգները նախընտրում է նոր բաժանարար գծեր ստեղծել և երկրները բաժանել, իրենց պատկերացմամբ, լավերի և վատերի»,- նոյեմբերի 24-ին լրագրողներին ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
 
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այդ դիրքորոշումը մի փոքր կտրված է իրականությունից․ «Դա բացարձակապես փոխկապակցված չէ աշխարհում ընդհանուր տրամադրությունների հետ։ Ավելի ու ավելի շատ երկրներ, այնուամենայնիվ, նախընտրում են իրենք որոշել, թե ինչպես պետք է շարունակեն ապրել՝ առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու, բայցևայնպես, նման փորձեր ԱՄՆ-ում արվում են»։
 
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը փորձում է այլ երկրներին պարտադրել ժողովրդավարության մասին իր պատկերացումը և սեփականաշնորհել այդ տերմինը: «Նրանք փորձում են սեփականաշնորհել «ժողովրդավարություն» բառը։ Այսինքն՝ [նրանց պատկերացմամբ] ժողովրդավարությունը միայն այն է, ինչը համապատասխանում է Վաշինգտոնի ընկալմանը։ Ակնհայտ է, որ այդպես լինել չի կարող և չպետք է լինի։ Նման բան, ըստ էության, չկա»,- ասել է նա։
 
Վաշինգտոնը մտադիր է անցկացնել «Հանուն ժողովրդավարության գագաթաժողով», որում դեկտեմբերի 9-10-ը տեսակոնֆերանսի եղանակով կմասնակցեն երկրների առաջնորդներ, իրավապաշտպաններ ու գործարարներ: Միջոցառմանը մասնակցելու են 110 երկրներ և տարածքներ, այդ թվում՝ Հայաստանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով:
 
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովը» նպատակ ունի «բաժանել մարդկանց, երկրներին՝ ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական»: Նրա կարծիքով, երկրներին հրավիրելով նման միջոցառման՝ ԱՄՆ-ը փորձում է ցույց տալ այդ շարժման զանգվածայնությունը։
 
Լիա Ավագյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը