Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հանդիպման օրակարգը․ առանց «կարմիր գծերի»

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հանդիպման օրակարգը․ առանց «կարմիր գծերի»

  • 24-11-2021 17:48:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. Հայաստանի քաղաքականության մեջ «կարմիր գծերի» բացակայությունը հանգեցնում է նրան, որ ամեն ինչ միանգամից առեւտրի է հանվում՝ սկսած տարածքներից, ռազմագերիների կյանքից մինչև ինքնիշխանություն և ազգային իրավունքներ։ Սա բխում է ազգային-պետական ​​մտածողության, անքակտելի իրավունքների գիտակցման բացակայությունից։
 
Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերը վկայում է, որ նա պատրաստ է քննարկել բոլոր հարցերը, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունից հրաժարվելը։
 
Փաշինյանը գավառական «շուստրիության» է դիմում՝ պնդելով, որ հարցերը պետք է քննարկել «տարբեր ֆորմատներով»։ Մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը՝ եռակողմ հանձնաժողովի շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանը չասաց, թե ինչ պետք է քննարկվի 3+3 ձեւաչափում։ Միաժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ կան բրյուսելյան հանդիպումից՝ Փաշինյանը պատասխանեց. «Բրյուսելի օրակարգի հարցերից մեկը լինելու է մարդասիրական հարցերը՝ կապված գերիների և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր հարաբերությունների հետ»։ Այսինքն՝ «Ղարաբաղի հարցը» չի քննարկվելու։ Թե ինչ են խոսելու նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտինի եւ Ալիեւի հետ հանդիպմանը, Փաշինյանը չասաց, թեեւ ենթադրվում է, որ կխոսեն սահմանազատման ու սահմանագծման մասին։
 
Ստացվում է, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել սահմանազատման, հաղորդակցությունների բացման հարցը «ըստ խորհրդային քարտեզների», իսկ Մինսկի խմբի հետ՝ միայն հումանիտար հարցեր։ Ղարաբաղյան կարգավորման հարցն ընդհանրապես օրակարգից դուրս է։
 
Ռուսաստանը կոնկրետ լուծումներ է առաջարկում։ Փաշինյանն ասում է, որ «Ռուսաստանի առաջարկը 100 տոկոսով ընդունելի չէ». «Մենք հանդես ենք եկել զորքերի հայելային հետքաշման առաջարկով։ Դրանից հետո Ռուսաստանի Դաշնությունը առաջարկներ արեց, որոնք այնքան էլ չեն համապատասխանում մեր տրամաբանությանը, սակայն Ռուսաստանի Դաշնությունը փորձում է միջին մի բան հանել մեր և Ադրբեջանի դիրքորոշման միջև», ասել է նա։ Նրա խոսքով, հարց է առաջանում՝ ի՞նչ սկզբունքներով և ո՞ր տարածքներից դուրս բերել զորքերը։ Որտե՞ղ են երաշխիքները, որ գիշերվա քողի տակ այդ զորքերը չեն վերադառնա իրենց դիրքերը։ «Միգուցե Ռուսաստանը կառաջարկի ռազմական բախումների չվերսկսումը երաշխավորելու գաղափարը», հավելել է նա։
 
Ի՞նչ երաշխիքների մասին է խոսքը։ Հայաստանը պատրա՞ստ է ստորագրել «ռազմական գործողությունները չվերսկսելու մասին» նոր եռակողմ թուղթ, որի երաշխիքներն իր վրա կվերցնի Ռուսաստանը։ Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը, որը 2010 թվականի նորացված պայմանագրով Հայաստանի անվտանգության երաշխավորն է, հիմա չի կատարում իր պարտավորությունները։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը