«Միշելի պլան Հայաստանի համար, Ռուսաստանի հեռացում Կովկասից»․ Ինչ է ասել Պուտինը Շառլ Միշելին


«Միշելի պլան Հայաստանի համար, Ռուսաստանի հեռացում Կովկասից»․ Ինչ է ասել Պուտինը Շառլ Միշելին

  • 25-11-2021 14:30:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի, Բելառուսի եւ Եվրամիության սահմանին փախստականների խնդիրները, ինչպես նաեւ «Շառլ Միշելի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին, այդ թվում և կապված խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման հետ: Հենց այս հարցերն են ծրագրվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում», ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
 
Դեկտեմբերի 15-ին Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում ԱլԳ վեհաժողովի շրջանակում նախատեսվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում։
 
Այս տարվա հուլիսից Եվրոպական խորհրդի նախագահի տարածաշրջան կատարած այցերն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություններն արժանանում են ռուսական իշխանության ու փորձագետների նյարդային արձագանքին։ Օրինակ, հուլիսին Երեւանում Շառլ Միշելի հայտարարությունները Մոսկվա-Բաքու քարոզչական համակարգված գրոհի թեմա դարձան։ Նշվում է, որ մոսկովյան եռակողմ ձեւաչափին զուգահեռ Եվրամիությունը փորձում է երկրորդ ձեւաչափ ստեղծել։
 
Այս համատեքստում ուշադրության արժանի են հայ մամուլի բնորոշած՝ «հայամետ ականավոր վերլուծաբան» Ստանիսլավ Տարասովի հրապարկումները, ով ներգրավված է Հայաստանի դեմ ՌԴ քաղաքականության մշակումներին եւ Բաքվի հետ քարոզչության համակարգմանը։ Միշելի հուլիսյան այցը Երեւան, որտեղ հայտարարվեց ԵՄ 2,6 միլիարդ եվրոյի ծրագրերի մասին, գնահատվեց որպես Հայաստանը ՌԴ-ից պոկելու մտադրություն։ Ականավոր վերլուծաբանն ավելի հեռուն գնաց եւ հայտարարեց, որ «Ալիեւը չի ցանկանում, որ ռուսները հեռանան Հայաստանից, քանի որ եթե Հայաստանն անցնի Արեւմուտքին, Ալիեւը կպարտվի ամեն ինչ», Բաքվին ու Անկարային խորհուրդ տալով փողով հեղեղել Հայաստանը։
 
Ռուսական ու Բաքվի զլմ-ներում իսկական հիստերիա բարձրացվեց, որի հիմնական թեզն այն էր, թե Արեւմուտքը Հայաստանը դարձնում է իր ֆորպոստը՝ տարածաշրջանից Ռուսաստանին վերջնականապես դուրս մղելու համար, այդ թվում Արցախի կարգավիճակի որոշման եւ բազմազգ ուժերի տեղակայման հեռանկարով։
 
Պուտին-Միշել հեռախոսազրույցին ՌԴ նախագահը տեղեկացրել է եռակողմ պայմանավորվածությունների ընթացքի մասին։ Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, Մինսկի խումբը եւ միջազգային այլ կառույցները պետք է ներգրավվեն միայն հումանիտար օրակարգին։ Ըստ Մոսկվայի՝ «մնացած հարցերը» սահմանազատումն ու միջանցքներն են, եւ այդ խնդիրը բացառապես Մոսկվայի տիրույթում է։ Երեւանյան ռուսանպաստ մամուլն արձանագրում է՝ Սոչիի հանդիպումից հետո Բրյուսելյան հանդիպումը կարող է արձանագրային դառնալ։
 
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բրյուսելի հանդիպմանը, նշել է, որ քննարկվելու են հումանիտար խնդիրներ։ Հումանիտար խնդիրների առաջնայնությունը պնդում է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն։ Իր հեթին, ականավոր հայամետ վերլուծաբանը, որը վերջին օրերի իր նյարդային հրապարակումներում հղում է անում բացառապես Բաքվի հրամցրած քարտեզներին ու աղբյուրներին, պատասխանում է իր իսկ տված հարցին՝ իսկ Ալիեւն ինչու է համաձայնել բրյուսելյան համդիպմանը, ինչը կարող է դավաճանություն համարվել Ռուսաստանին, որը Բաքվի համար անում է ամեն ինչ՝ Հայաստանի պարտությունից մինչեւ միջանցքներ։ Եվ անմիջապես էլ «գտնում» պատասխանը՝ Ալիեւը Եվրոպային, Մինսկի խմբին բացառապես հումանիտար օրակարգին հակելու համար է մեկնում Բրյուսել։
 
Մոսկվա-Բաքու համակարգումն ակնհայտ է։ Ամեն ինչ ասվում է բաց, մատչելի եւ մանրամասն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը