Զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը


Զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

  • 25-11-2021 16:28:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի մահվան դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

«Նախնական տվյալներով՝ զինծառայողը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Վերջինս ձերբակալվել է»,- հայտնում են Քննչական կոմիտեից:

Սուրեն Ավետիսյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը ստացել էր 2021թ. նոյեմբերի 24-ին` ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, և մահացել հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն