Դրա համա՞ր է Փաշինյանը գնում Սոչի

Դրա համա՞ր է Փաշինյանը գնում Սոչի

  • 25-11-2021 17:38:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանի՝ «յուրաքանչյուր հանդիպումից առաջ բացասական ակնկալիքներ չձևավորելու» կոչերին, Հայաստանում վաղը Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից ակնկալում են բացասական իմաստով բեկումնային որոշումներ։ Որ Սոչիում նման որոշում է պատրաստվում, վկայում է երեկվա դիվանագիտական անցուդարձը։
 
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին Ռուսաստանի նախագահ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին՝ ներառյալ խաղաղ կյանքի հաստատում, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնում Հարավային Կովկասում»։ Նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը  նախտեսվում է քննարկել հենց այս հարցերը, ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
 
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։ Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական և համապարփակ կարգավորման կարևորությունը խաղաղ բանակցությունների միջոցով», ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում։
 
Արարատ Միրզոյանը  զրույց է ունեցել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման ջանքերին։ Նշվել է նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ բազմակողմ համաձայնագրի շուրջ աշխատանքների իրականացման կարևորությունը։
 
Դատելով պաշտոնական բանակցությունների «աշխարհագրությունից», Ռուսաստանը պատրաստում է որոշումներ, որոնք մտահոգում են Եվրամիությանն ու Իրանին։ Հայաստանը փորձում է Իրանին համոզել, որ այդ որոշումները չեն խանգարի Սև ծով-Պարսից ծոց միջանցքին։ Թեհրանը կհավատա՞ դրան։
 
Բաքվի լրատվամիջոցները գրեթե չեն անդրադառնում Սոչիում և Բրյուսելում Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումների թեմային, կարծես վախենում են խանգարել ինչ-որ պայմանավորվածությունների։ Անկարան զբաղված է լիրայի անկմամբ և արտահերթ նախագահական ընտրությունների պահանջներով պայմանավորված ներքաղաքական ճգնաժամով։ Ֆրանսիան անցկացնում է «Հայաստանը մեկ տարի անց» համաժողովը՝ հիշեցնելով մեկ տարի առաջ ընդունված Սենատի բանաձևը, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և վերադառնալ 1994 թվականի սահմաններին։
 
Այս ֆոնին Հայաստանը, Ռուսաստանին հետևելով, շտապում է կատարել անշրջելի քայլ։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գնում Սոչի։ Ի՞նչ լուծումներ է նա ակնկալում ռուսական միջնորդությունից։ Փաշինյանը հայտարարել է, որ եթե սկսի զորքերի դուրսբերումը, ապա պետք է երաշխիքներ լինեն, որ գիշերվա քողի տակ զորքերը չեն վերադառնա իրենց դիրքերը, իսկ երաշխիքների հարցը քննարկվում է Մոսկվայի հետ։
 
Արդյոք Սոչիում կքննարկվի ռուսական զորքերը Հայաստան մտցնելու հարցը, բայց ոչ ըստ 1997-ի (2010թ.) պայմանագրի, այլ նոր եռակողմ պայմանագրերի համաձայն, որոնք կսահմանազատեն և նոր «սահմաններ» կսահմանեն Հայաստանի և «Ադրբեջանի» միջև», Հայաստանից օտարելով ռազմավարական կարեւոր տարածքներ: Դրա համա՞ր է Փաշինյանը գնում Սոչի։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը