Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվելու է Առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների կենտրոն

Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվելու է Առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների կենտրոն

  • 25-11-2021 17:47:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայ-Ռուսական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Վ.Պ. Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն ՀՌՀ-ում ստեղծվելու է Առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք  ՀՌՀ մամուլի ծառայությունից:
 
Կենտրոնի գործունեությունը ուղղված է լինելու մի քանի հիմնական ուղղությունների զարգացման վրա.
 
1) Գիտահետազոտական գործունեությունն իրականացվելու է մի քանի հիմնական ուղղություններով` կոմպիլյատորների տեխնոլոգիաներ, ծրագրերի վերլուծություն և վերափոխում, արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում (machine learning), ավտոնոմ տեխնոլոգիաներ և ռոբոտատեխնիկա, ամպային տեխնոլոգիաներ և այլն,
 
2) Կրթական գործունեությունն իրականացվելու է ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի կրթական ծրագրերի շրջանակներում` բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնական ծրագրերի կիրառմամբ: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է լրացուցիչ ուսումնական ծրագրերի ստեղծում և ներդրում, 
 
3) ՀՀ և ՌԴ ընկերությունների հետ տարբեր ուղղություններով բազմաշերտ և համապարփակ համագործակցության հաստատում: 
Փոխըմբռնման հուշագրի նպատակն է կողմերի (ՀՌՀ-ի և Վ.Պ. Իվաննիկովի անվան ինստիտուտի) գիտական, նորարարական, կադրային ներուժի և նյութատեխնիկական բազայի համատեղ կիրառմամբ նպաստել ՀՀ-ում և ՌԴ-ում առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների զարգացմանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն