Որքա՞ն կարելի է հիմարի տեղ դնել հայ ժողովրդին

Որքա՞ն կարելի է հիմարի տեղ դնել հայ ժողովրդին

  • 25-11-2021 20:01:39   | Հայաստան  |  Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արտաշես Թումանյանին նշանակել է իր խորհրդական:
Թվում է, թե հերթական նշանակում է, որի նկատմամբ չարժե ուշադրություն դարձնել: Բա՞յց…
Արտաշես Թումանյանը 1997-1998թթ., երբ Ռոբերտ Քոչարյանը հանդիսացել է ՀՀ վարչապետ, եղել է ՀՀ հարկային տեսչության պետը, այնուհետև՝ 1998թ. դարձել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը, իսկ 2000-2006թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար:
Սա նույնն է, որ մի պահ խելագարի կանխավարկածով պատկերացնենք, որ Ռոբերտ Քոչարյանը գալիս է իշխանության և իր խորհրդական է նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարին: 
Աբսուրդ է, չէ՞: Իսկ հիշո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանն, արձագանքելով իր կառավարման ժամանակահատվածում կոռուպցիայի ծավալների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից մատնանշումներին, դեռևս 2018թ. հոկտեբեր ամսին խորհուրդ էր տալիս հարցնել իր օրոք՝ 1999-2007թթ. ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ աշխատած Ֆելիքս Ցոլակյանին, ում Նիկոլ Փաշինյանը նշանակել էր Արտակարգ իրավիճակների նախարար:
Իսկ հիշու՞մ եք, որ Ֆելիքս Ցոլակյանը հրապարակավ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում, որ իրենք որևէ կոռուպցիոն գործընթացի մեջ ներքաշված չեն եղել:
Անմեղ հրեշտակ են եղել, մենք չենք իմացել:
Գիտե՛ք, ողբերգությունը կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարի փորձում է հասարակությանը համոզել, որ Սերժի ու Քոչարյանի կարկառուն կադրերով իրապես պայքարում է Քոչարյանի ու Սերժի կողմից ձևավորված կոռումպացված համակարգի դեմ, պայքարում է հանցագործների ու թալանչիների դեմ, ու մեր ժողովուրդը հավատում է նրան:
Լա՛վ, որքա՞ն կարելի է հիմարի տեղ դնել հայ ժողովրդին:
Հարգելի՛ ներկաներ ու նախկիններ, ինչու՞ եք վիրավորվում ու սկսում պիտակավորել մեզ, երբ ասում ենք, որ Դուք՝ ներկաներդ ու նախկիններդ, շատ լավ պահպանում եք մեկդ մյուսի գոյությունը՝ շատ լավ հասկանալով, որ հանդիսանում եք մեկդ մյուսի ծնունդն ու լինելիության երաշխավորը:
Իհարկե՛, Դուք չեք ցանկանում և ամեն կերպ հարվածում եք մեզ՝ նոր ուժերին, որպեսզի քաղաքական դաշտում մենք էլ ավելի մեծ ազդեցություն ձեռք չբերենք, որպեսզի դուք հավերժ լինեք…
Գնացե՛ք մարզեր ու տեսեք, որ ՀՀԿ-ական ակտիվի գերակշռող մասը մեծ թափով ՔՊ-ականացվում է, այլ կերպ ասած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՛՛Հանրապետականացվում՛՛ է, որ կառուցի մեր ապագան…
Ինչու՞ եք վիրավորվում, երբ ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը տապալված է, իսկ պետական կառավարումը՝ ձախողված…
Չենք ընկրկելու և շարժվելու ենք առաջ՝ իսկապես ուժեղ ու արդար Հայաստան կառուցելու վճռականությամբ…
 
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական