Մեր շահերից չի բխում Սոչիում որևէ փաստաթուղթ ստորագրել՝ անգամ դեմարկացիայի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին․ Էմիլ Օրդուխանյան


Մեր շահերից չի բխում Սոչիում որևէ փաստաթուղթ ստորագրել՝ անգամ դեմարկացիայի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին․ Էմիլ Օրդուխանյան

  • 25-11-2021 21:06:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Yerevanlur-ի զրուցակիցն է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։
 
–Պարոն Օրդուխանյան, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Սոչիում երկու օրից կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ, Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել  է Ադրբեջանի, այնուհետև Հայաստանի առաջնորդների հետ:Ձեր դիտարկմամբ՝ այդ հանդիպումներն ի՞նչ միտում ունեն։
 
–Իմ կարծիքով՝ այդ հանդիպումներն ուղղված են տրամադրությունների շոշափմանը։ Այսինքն՝  Սոչիի հանդիպումից առաջ թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի տրամադրությունները պետք է շոշափվեն և  նախատեսվող  օրակարգում որոշակի ճշգրտումներ պետք է արվեն։
 
-Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սոչիում սպասվում է դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու  վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին որոշման ստորագրություն։ Ուրիշ ի՞նչ կարող ենք սպասել այդ հանդիպումից։
 
-Չի կարող լինել այլ օրակարգ, որը չի բխի նախորդ տարվա նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարությունից։ Բայց ես կասեմ, որ մեզ համար նպատակահարմար չէ որևէ  փաստաթուղթ ստորագրել, նույնիսկ եթե դա վերաբերելու է զուտ հանձնաժողովի ձևավորմանը։ Նախևառաջ մենք պետք է հասկանանք, թե Սոչիում ինչ է առաջարկվում, դրանից հետո կա նաև բրյուսելյան հանդիպում։ Բրյուսելում նույնպես պետք է հասկանալ դիրքորոշումներ և  նոր, երկու հանդիպումներից հետո Հայաստանը կկարողանա ավելի հավասարակշռված հետևություններ անել։ Հակառակ դեպքում՝ եթե ինչ-որ բան կստորագրվի Սոչիում, դրանից հետո բրյուսելյան հանդիպումը կկրի խիստ  ձևական բնույթ։ Եթե մենք իսկապես նպատակ ունենք հավասարակշռելու մեր արտաքին քաղաքականությունը, ապա մեզ համար շատ խելամիտ քայլ կլինի դեռ որևէ բան չստորագրել և երկու հանդիպումների արդյունքները հանրագումարելուց ու վերլուծելուց  հետո, հետևությունների հիման վրա նոր որոշում կայացնել։
 
-Ձեր դիտարկմամբ՝ Բրյուսելում ու Սոչիում օրակարգերը խիստ տարբե՞ր են լինելու։
 
-Ինձ թվում է՝ դրանք  փոխլրացնող են լինելու, բայց եթե  ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու Սոչիում, ապա Բրյուսելի դերակատարումը հանդիպման բովանդակությունը, ձևն ու նշանակությունը խիստ ֆորմալ բնույթ է ստանալու։ Բայց  մենք պետք է հետապնդենք բացառապես մեր շահերը, որը պահանջում է, որ միայն Ռուսաստանի միջնորդությամբ  չէ, որ պետք է արվի սահմանազատում ու սահմանագծում։ Սա ոչ թե սովորական գործընթաց է, այլ կոնֆլիկտի հետևանքով ձևավորված ու պարտադրվող սահմանազատում ու սահմանագծում է։ Դա նշանակում է, որ  այդ պրոցեսն ավելի լայն ներգրավվածությամբ պետք է արվի ու դրանում պետք է մասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության խմբի նաև մյուս պետությունները՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։ Դա կապահովի թե՛ հավասարակշռված մոտեցում ու թե՛ նաև հաշվի կառնվի պարիտետային մոտեցումը, որովհետև սահմանագծումն ու սահմանազատումը միջազգային գործընթաց է ու այս պարագայում սահմանների որոշման գործընթացը միայն մեկ միջնորդով չպետք է արվի։
 
-Իսկ այդ պետությունները հետաքրքրվա՞ծ են իրենց մասնակցությունն ունենալու հարցում։
 
-Քանի որ իրենք շրջանառում են օրակարգ սահմանագծման ու սահմանազատման մասին, այսինքն՝ կողմերն այդ մասին խոսում են, դա ինքնին ցույց է տալիս, որ հետաքրքրված են։ Այլ բան է, որ եթե  մենք այդ հարցերը քննարկում կամ մտադրություն ունե՞նք քննարկելու նաև Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ։ Այստեղ մենք պետք է քայլ անենք, որովհետև այդ գործընթացի առաջին շահառուն մենք։ Հետևապես քայլերը մենք պետք է անենք։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play