Փաշինյան-Ալիև հանդիպման փաստը ավելի կարևոր է, քան դրա արդյունքը. Ֆյոդոր Լուկյանովը՝ Սոչիի բանակցությունների մասին


Փաշինյան-Ալիև հանդիպման փաստը ավելի կարևոր է, քան դրա արդյունքը. Ֆյոդոր Լուկյանովը՝ Սոչիի բանակցությունների մասին

  • 26-11-2021 10:32:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանցի միջազգայնագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը նոր բան չի ակնկալում Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցություններից, քանի որ իր կարծիքով՝ հայ-ադրբեջանական տիրույթում գտնվող խնդիրները, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հեռու են լուծված լինելուց:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում Լուկյանովը կարծիք հայտնեց, որ ներկա իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և պատերազմից հետո ընդհատված շփումների վերականգնումը ինքնին ավելի կարևոր է, քան բանակցությունների արդյունքը: Այդ հարցում ռուսաստանցի միջազգայնագետը կարևորում է թե՛ եվրոպական կողմի և թե՛ Ռուսաստանի միջնորդական դերակատարումը:
 
«Դժվար է ինչ-որ նոր բան ակնկալել, քանի որ իրավիճակը հեռու է կարգավորված լինելուց, և վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը հիմնականում մնում է նախագծային վիճակում: Դրան գումարվում են վերջերս տեղի ունեցած սահմանային բախումները, որոնք ցույց տվեցին, թե ինչ աստիճանի երերուն վիճակում է այդ ամենը: Այնպես որ, կարծում եմ, որ այս իրավիճակում խնդիր մեկն է՝ վերականգնել այն շփումները, որոնք ընդհատվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից հետո: Առանց այդ կապերի և շփումների վերականգնման հնարավոր չէ առաջ շարժվել: Այդ իսկ պատճառով ակտիվություն են ցուցաբերում թե՛ եվրոպացիները և թե՛, բնականաբար, նաև Ռուսաստանը: Այդ տեսանկյունից հանդիպման փաստն, ըստ իս, ավելի կարևոր կլինի, քան դրա արդյունքը», - «Արմենպրես»-ին հայտնեց Ֆյոդոր Լուկյանովը:
 
Կրեմլի հաղորդմամբ՝ 2021 թ. նոյեմբերի 26-ին, Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նախաձեռնությամբ, Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները՝ նվիրված 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրման տարելիցին: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին ընդունված եռակողմ հայտարարությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին: ՀՀ վարչապետի աշխատակազմը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:
 
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Սոչիում կայանալիք հանդիպման մասին, ասել է, որ ուշադրությունն այժմ կենտրոնացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման վրա:
 
Արամ Սարգսյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը