«Ազատագրական շարժման» անդամներն այսօր կրկին փողոցներ են փակել. 6 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Զոհրաբյանը


«Ազատագրական շարժման» անդամներն այսօր կրկին փողոցներ են փակել. 6 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Զոհրաբյանը

  • 26-11-2021 13:00:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Ազգային Ազատագրական շարժման» անդամներն այսօր առավոտից կրկին փողոցներ են փակել: Նրանք ակցիայի մասին իրազեկել են իրենց ֆեյսբուքյան էջերում ու տեսանյութեր տեղադրել:
 
Սախարովի հրապարակից բերման է ենթարկվել շարժման անդամներից Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու ևս մի քանի հոգի:
 
«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում  ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ առավոտյան ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 6 անձ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: 
 
Շարժման մասնակիցներն այս շաբաթվա սկզբից անհնազանդության գործողություններ են սկսել Երևանում, նրանք կարճ ժամանակով փակում են փողոցներ, մի քանի օր առաջ էլ խափանել էին Մետրոպոլիտենի կայարաններից մեկի աշխատանքը:
 
Շարժման անդամների խոսքով՝ իրենք պայքարում են «հայրենիքի փրկության համար»:
 
Հիշեցնենք՝ շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ևՎազգեն Պետրոսյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը