Ալիևի հրաժարումը իր իսկ կողմից հորինած «Զանգեզուրի միջանցք»-ից


Ալիևի հրաժարումը իր իսկ կողմից հորինած «Զանգեզուրի միջանցք»-ից

  • 27-11-2021 13:27:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մի քանի չհաջողված փորձից հետո, ի վերջո, Սոչիում կայացավ եռակողմ՝ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիև հանդիպումը։ Ինչպես և ակնկալվում էր, հանդիպման արդյունքում կողմերը չստորագրեցին որևէ հստակ փաստաթուղթ՝ բացի իրավիճակն արձանագրող և գալիք քայլերն ուրվագծելու մասին հայտարարությունից։ Ենթադրաբար, դեռևս կողմերին չի հաջողվել վերջնական համաձայնության գալ դժվար լուծելի համարվող հարցերում, ինչպիսիք են դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցով հանձնաժողովի ստեղծումը և ճանապարհների ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը։
 
Չնայած վերոնշյալ կարևոր հարցերով որոշումների բացակայությանը՝ այս հանդիպումը որոշ չափով տարբերվեց նախորդ՝ հունվարի 11-ի հանդիպումից։ Ի տարբերություն նախորդ հանդիպման, որում Ադրբեջանի նախագահը փորձում էր հանդես գալ «հաղթողի» դիրերից, այս անգամ երեք երկրների ղեկավարների խոսքում, գոնե հայտարարությունների մակարդակում, հստակորեն տեսանելի էր գործնական քայլերի հասնելու ցանկությունը։ Նույն Իլհամ Ալիևը, որն ադրբեջանական տեսախցիկների առաջ պարբերաբար ելույթ էր ունենում Հայաստանին ու Արցախին ուղղված հոխորտանքներով, այս անգամ փորձում էր դիրքավորվել ավելի «կառուցողական» կերպարում։
 
Ստորագրված հայտարարության միակ նորությունն այն էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովը լինելու է երկկողմ, որում ՌԴ-ն ունենալու է խորհրդատվական դերակատարում։
 
Հանդիպման արդյունքներով վերջնականապես հօդս ցնդեց ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ավելի քան մեկ տարի շրջանառվող «Զանգեզուրի միջանցք» կոչվող երազանքը։ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման անհնարինությունը, ըստ էության, ընդունեց նաև Իլհամ Ալիևը՝ իր խոսքում չկիրառելով «Զանգեզուր» կամ էլ «միջանցք» եզրույթները։ Ստորագրված փաստաթղթում ևս բացակայում էր միջանցքային տրամաբանությամբ լուծումների կիրառումը։
 
Կարևոր էր նաև եռակողմ հայտարարության մեջ ամրագրված այն դրույթը, որով կողմերը վերահաստատել են 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը և դրանցից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած՝ այս դրույթն ուղղակիորեն վերաբերում է Ադրբեջանին, մասնավորապես՝ նրա կողմից ստանձնած հումանիտար հարցերի իրագործմանը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակման հարցում։
 
Այս տեսանկյունից կարևոր էր նաև Նիկոլ Փաշինյանի կողմից այս հարցի լուծման կարևորության բարձրաձայնումը։ Ակնհայտ է, որ այս հարցում Ադրբեջանի վրա առկա է բազմակողմ ճնշում, ուստի պատահական չէր, որ հանդիպումից առաջ Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց գերության մեջ գտնվող 2 անձի, ինչի մասին իր խոսքում հայտնեց նաև Իլհամ Ալիևը։
 
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը կրում էր փոխվարչապետների մակարդակով մի քանի ամիս իրականացված բանակցությունները ամփոփելու, դրա հիման վրա հետագա քայլերը հստակեցնելու և իրավիճակի հետագա սրացումները բացառելու բնույթ։
 
Մովսես Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը