«Ազատագրական շարժումը» պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը


«Ազատագրական շարժումը» պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը

  • 27-11-2021 17:31:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանն իր ելույթում հիշեցրեց նախաձեռնության պահանջները, այն է` կանխել սահմանազատման և սահմանագծման, ըստ իրենց, հակահայկական ծրագիրը, հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, Սյունիքով միջանցք չտրամադրել հակառակորդին և զինել բանակը:
 
Արա Զոհրաբյանը նշեց, որ նոյեմբերի 26-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը հիմնված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, որի դրույթները ի վնաս Հայաստանի խախտվել են:
 
«Ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել դեպի հայկական ուժերի զբաղեցրած դիրքեր, ընդհուպ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք: Ռազմագերիները և պատանդառված անձինք չեն վերադարձվել հայրենիք: Մինչև վերջերս էլ ռազմական բախումներում ունենք զոհեր: Սա նշանակում է՝ մեր անվտանգության հարցը լուծված չէ: Չգիտենք, թե ինչ է լինելու Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը, երբ այդ սահմանազատման և սահմանագծման ծրագիրը փորձվի իրագործվեն»,- իր ելույթում ասաց Զոհրաբյանը:
 
 «Զարթոնք» կուսակցության հիմնադրի կարծիքով`«Ազատագրական շարժման» նպատակները չեն կարող իրագործվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ:
 
«Վերոգրյալից ելնելով «Ազատագրական շարժումը» պահանջում է  վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական միավորներին, մասնագիտական համայնքներին, անհատներին միավորվել այս պահանջների ներքո»,- եզրափակեց Զոհրաբյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը