«Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա


«Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա

  • 30-11-2021 15:15:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սույն թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ահազանգ է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 18-ին մի քանի քաղաքացի է հոսպիտալացվել՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ:
 
Համակաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 13 քաղաքացի է հոսպիտալացվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Պարզվել է նաև, որ հոսպիտալացված բոլոր անձինք սնվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37, «Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում:
 
Նոյեմբերի 20-ին Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում, նմուշառում կատարել պատրաստի սննդամթերքից և հումքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:
 
Համաձայն փորձաքննության արդյունքների՝ նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:
 
Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է:
 
«Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում բոլոր աշխատակիցներն ունեցել են սանիտարական գրքույկներ, որոնցում բժշկական պատշաճ ստուգումների պարբերականությունը պահպանված է եղել: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն