ՌԴ-ն կոչ է անում հարմարվել «օբյեկտիվ իրողություններին»


ՌԴ-ն կոչ է անում հարմարվել «օբյեկտիվ իրողություններին»

  • 01-12-2021 18:34:28   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. 
 
«Իհարկե, վերջին իրադարձությունները փոխել են պատկերը տարածաշրջանում, և մենք պետք է ինչ-որ կերպ հարմարվենք նոր իրականությանը։ Սա օբյեկտիվ իրականություն է, այն պետք է ընկալել այնպես, ինչպես կա», ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում։
 
Ռուսաստանը «օբյեկտիվ» է անվանում  իրականությունը, որը ստեղծվել է իր պլանավորմամբ և անմիջական մասնակցությամբ։ Ռուսաստանը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը չէր ճանաչում տարածաշրջանի «օբյեկտիվ իրականությունը»՝ ամեն անգամ հայտարարելով, որ «ստատուս-քվոն անընդունելի է»։ Հայաստանի դեմ 2020-ի պատերազմի արդյունքով ստատուս քվոն արդեն ընդունելի է՝ Մոսկվան «հարմարվելու» կոչ է անում, հայտարարություններ է անում «ճանապարհների ապաշրջափակման» և «սահմանազատման» մասին և ուղղակիորեն սպառնում, որ Հայաստանի կողմից ստատուս քվոյի խախտումը «ինքնասպանություն» կլինի։
 
Իրականությունն այն է, որ Լավրովի պլանով «օբյեկտիվ իրականության» ի հայտ գալուց հետո Հայաստանի ճանապարհներից մի քանիսը փակվեցին։ Մասնավորապես, չի աշխատում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, իսկ վերջերս էլ փակվեց Գորիս-Կապան ճանապարհի մի մասը։
 
Ինչպե՞ս է ճանապարհի այդ մասը հայտնվել Բաքվի վերահսկողության տակ։ Սյունիքի քաղաքապետ Մելիքսեթ Պողոսյանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե անցած տարվա դեկտեմբերին ինքն անձամբ է հրաման տվել զորքերը դուրս բերել Սյունիքի սահմաններից, ասել է. «Ոչ մեկը չի ուզեցել հետ քաշվի։ Մենք նպաստավոր բարձունքների վրա անցել ենք Սյունիքի պաշտպանությանը՝ Նռնաձորից մինչև Խոզնավար։ Մենք երեք անգամ պոստերն առաջ ենք տվել, Կուբաթլուի հատվածում երեք անգամ առաջ ենք տվել, հետո Ռուսաստանը չի համաձայնել»։
 
Այսպիսով հաստատվում է, որ Ռուսաստանի «հրամանով» է, որ ճանապարհի մի մասը անցել է Բաքվի վերահսկողության տակ ու ձևավորվել է «օբյեկտիվ իրականություն»։ Իսկ «ապշրջափակման ու սահմանազատման» մասին բոլոր խոսակցություններն ունեն մեկ նպատակ՝ Հայաստանում բացել միջանցքներ Ռուսաստանի վերահսկողության տակ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը