Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը կհանդիպեն Շվեդիայում
01-12-2021 19:22:32 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը, գրում է Factor.am-ը:
Նա նաև հիշեցրել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները հրավիրված են դեկտեմբերի 15-ին մասնակցելու Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ նշելով, որ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումներ կունենա երկու երկրների ղեկավարների հետ։
«Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նոյեմբերի կեսերին բախումներից հետո միջազգայնորեն ճանաչված սահմաններին՝ կարևոր է ընդգծել, որ ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ միջազգայնորեն ճանաչված սահմանին լուրջ միջադեպերն անհանգստացնող են»,- ասել է Դիվինը։ Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ ԵՄ-ն համապատասխան արձագանք է տվել՝ բախումների հաջորդ օրը խոսելով երկու երկրների ղեկավարների հետ ու կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները։