Միրզոյանը ՀԱՊԿ հանդիպմանը շեշտել է դաշնակիցների՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային միտված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը

Միրզոյանը ՀԱՊԿ հանդիպմանը շեշտել է դաշնակիցների՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային միտված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը

  • 02-12-2021 17:51:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի համակարգմամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 
 
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներն անդրադարձել են ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի օրակարգին։ Արարատ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը՝ հիմնված ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա և ՀԱՊԿ դաշնակցային պարտավորություններին համահունչ։
 
Նախարար Միրզոյանն իր գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված վերջին զարգացումները։ Այդ առումով նա շեշտել է դաշնակիցների՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային միտված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։
 
Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության առաջնահերթություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործիքակազմի, այդ թվում՝ ճգնաժամային արձագանքման գործիքակազմի կատարելագործման կարևորությունը։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն