Հաշմանդամությունը՝ անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, մարդու մեկուսացման պատճառ չպետք է լինի. ուղերձ

Հաշմանդամությունը՝ անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, մարդու մեկուսացման պատճառ չպետք է լինի. ուղերձ

  • 03-12-2021 13:24:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարդու հաշմանդամությունը չպետք է դառնա խարանի պատճառ: Նա չպետք է զրկվի իրեն հասարակության լիարժեք անդամ զգալու իրավունքից:
 
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը խորհրդանշում է հաշմանդամություն ունեցող անձանց համար իրական հնարավորությունների ստեղծման կենսական պահանջի մասին: 
 
Հաշմանդամությունը՝ անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, դատավճիռ չէ. մարդու վերաբերյալ ընկալումը չպետք է ձևավորվի նրա հաշմանդամությունով: Փոխարենը պետք է գնահատել յուրաքանչյուրի արժանապատվությունը, ունակություններն ու հմտությունները: Պետությունը պետք է ստեղծի միջավայրային հարմարություններ և խթանի ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացումը։
 
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները հաճախ պետական մարմինների կամ պաշտոնյաների սխալ տեղեկացվածության կամ խտրական վերաբերմունքի հետևանք են: Պետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը ոչ միայն հաշմանդամության հետ կապված, այլ նաև մյուս բոլոր ոլորտներում որոշումների կայացմանը՝ որպես հասարակության լիարժեք անդամներ, Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, շարունակելու է հետևողականորեն իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առաքելությունը:
 
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն