Կոկաին ու մեթադոն Երևան առաքած տղամարդը կալանավորված է. ոստիկանության և ՊԵԿ բացահայտումը

Կոկաին ու մեթադոն Երևան առաքած տղամարդը կալանավորված է. ոստիկանության և ՊԵԿ բացահայտումը

  • 03-12-2021 16:11:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, մայրաքաղաքի Ամիրյան փողոցում հայտնաբերեցին ու մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Երևանում բնակվող 50-ամյա մի տղամարդու։ Նրա ծանրոցից հայտնաբերվեցին 20 գրամից ավելի կոկաին ու 30 գրամից ավելի մեթադոն թմրամիջոցներ։ Դրանք թաքցված էին խաղալիքի մեջ։
 
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները պարզեցին թմրամիջոցներն առաքողի ինքնությունը։ 48-ամյա տղամարդը, որը բնակվում է արտերկրում, թմրամիջոցներով ծանրոցը Երևան առաքելուց հետո ինքն էլ եկել էր Երևան։  ԹԱՇԴՊ վարչության, ՊԵԿ ՄԴՊ վարչության, ինչպես և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման շնորհիվ նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն