Հայաստանում կիրականացվի արհեստական բանականության ոլորտում կրթական ծրագիր


Հայաստանում կիրականացվի արհեստական բանականության ոլորտում կրթական ծրագիր

  • 03-12-2021 16:46:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (GITC) և IBM-ը մեկնարկում են համագործակցություն, որի շրջանակում Հայաստանում կիրականացվի արհեստական բանականության ոլորտում կրթական ծրագիր: 
Ծրագրի շրջանակում GITC-ն SmartClick ընկերության հետ համատեղ իրականացնում է Արհեստական Բանականության խորացված դասընթաց + փորձաշրջան ձևաչափով ծրագրի ընդունելություն։  Այս մասին հայտնում են Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնից: 
 
Ծրագրի գործընկեր SmartClick-ը, որը Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում ամենամեծ ընկերությունն է, արհեստական բանականության մասնագետների շարունակական պահանջ ունի: SmartClick ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանի խոսքով, մասնագետների պահանջն ընկերությունում անընդհատ աճելու է և այս ծրագիրը լավ հնարավորություն է նոր մասնագետներ պատրաստելու և աշխատանքով ապահովելու տեսանկյունից: 
 
Ուսումնական ծրագիրը հիմնված է SmartClick ընկերության մասնագիտական կարիքների վրա և ներառում է IBM ընկերության AI բովանդակությունը։ Ավարտական քննությունների արդյունքում լավագույն առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտը հնարավորություն կունենա այցելելու Լոնդոն՝ IBM ընկերություն:
 
6 ամիս տևողությամբ դասընթացը, որը կվարի SmartClick ընկերության Տվյալագիտության Տեխնիկական Ղեկավար Արդալան Հոսսեյնին, կմեկնարկի 2022թ. հունվարի 12-ին: Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 7-ը՝ այստեղ: 
Ներկայում ծրագիրն ունի ավելի քան 100 դիմորդ, որոնք  ծրագրին մասնակցելու համար քննություն կհանձնեն: 
«GITC հոգաբարձուների խորհրդի անդամները ԱՄՆ-ում բանակցություններ են վարել IBM ընկերության  հետ՝ GITC-ի կողմից IBM-ի կրթական ծրագրերը Հայաստանում ներկայացնելու և իրականացնելու նպատակով: Բանակցությունների արդյունքում այժմ իրականացնում ենք պիլոտային փուլը»,- նշել է Գյումրիի ՏՏ Կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը, հավելելով, որ համագործակցության երկարաժամկետ նպատակն է, որ IBM-ը Հայաստանը դիտարկի որպես իր ռազմավարական գործընկեր:
 
IBM-ի կրթական ծրագրերի ղեկավար Ջուլիա Գեյմի խոսքով, IBM-ի համար կարևոր է, որ ծրագրի ուսանողներն ունենան աշխատանքի ընդունվելու հնարավորություն, տարեցտարի ավելանա մասնակիցների քանակը, ներգրավվեն տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն