Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը


Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը

  • 03-12-2021 17:00:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 
 
Արտաքին գործերի նախարարները քննարկել են հայ-ֆիննական երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցերի, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ակտիվացման անհրաժեշտությունը։
 
Առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել խորացման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար կապերի խթանման և նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող մի շարք հարցերի։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը՝ կարևորելով իրավիճակի դեէսկալացիայի նպատակով միջազգային հանրության կողմից հասցեական արձագանքը։ Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։
 
Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Ֆինլանդիայի հետևողական դիրքորոշման կապակցությամբ՝ ի սատարումն հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն