ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ


ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

  • 04-12-2021 10:48:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
 
Զրույցի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք ծավալման կարևորությունը։
 
Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի ղեկավարության շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները։ Այդ համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ Նախարարն անհրաժեշտ է համարել նաև հումանիտար խնդիրների անհապաղ լուծումը, մասնավորապես ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի բացահայտումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը և միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղում գործունեության համար հնարավորությունների ստեղծումը։
 
Հայկական կողմը վերահաստատել է իր հավատարմությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծման ուղղությամբ՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play