Էրդողան․ Ռուսաստանն ու Չինաստանը մերն են


Էրդողան․ Ռուսաստանն ու Չինաստանը մերն են

  • 06-12-2021 12:01:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Սոչիի թատրոնից ու Աշխաբադում ՏՀԿ համաժողովից հետո Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական նախաձեռնություններն ու հայտարարություններն առավել լայն ընդգրկում են ստացել։ Թուրքիայի նախագահը հայտարարեց թյուրքական աշխարհը միավորող ճանապարհի մասին որպես իրողություն, որի արդյունքում տարածաշրջանների կապերն ու համագործակցությունը ստանում են նոր որակ եւ ծավալներ։ Էրդողանը որպես դրա վկայություն նշել է ՏՀԿ հավաքի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն ու պայմանագրերը, որոնք վերաբերում են նաեւ տարիներ շարունակ ձգձգվող խնդիրներին։
 
Այս համատեքստում, Էրդողանը վստահ խոսել է այն մասին, որ Ռուսաստանն ու Չինաստանը իրենց հետ են, այդպիսով ընդգծելով Թուրքիայի առաջատար դերը նոր գործընթացներում։ Թուրքիան առաջարկել է իր միջնորդությունը Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման հարցում, ինչը քաղաքական նպատակների առումով ավելին է, քան զուտ միջնորդությունը։ Կրեմլի եւ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքներն այս առաջարկությանը մատնում են Մոսկվայի վիճակը։ Սկզբնական կտրուկ մերժումներից հետո Մոսկվան անցել է «պոչ խաղացնելուն», չբացառելով նման միջնորդության հնարավորությունը։ Կրեմլին մերձ փորձագետների հրապարակումներից կարելի է եզրահանգել, որ Մոսկվայի համար նախընտրելի է Թուրքիային, քան Արեւմուտքին ենթարկվելը։ Ոչ թե համագործակցությունը, այլ հենց ենթարկվելը։
 
Չինաստանի պարագային իրավիճակը նման է։ Դեռեւս Հայաստանի դեմ Արցախում պատերազմի օրերին Չինաստանը ՌԴ խնդրանքով տապալեց պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձեւի ընդունումը։ Դրան նախորդել էին թուրք-չինական համաձայնությունները հաղորդակցական արտոնությունների հարցում, այդ թվում «Զանգեզուրի միջանցքի»։ Թուրքիայի ու Չինաստանի համաձայնությունների մեկ այլ, արդեն մոտ հեռանկարի հարց է ՌԴ տարածքի «բաժանումը», որի սկիզբը կարող է դրվել հունվարին սպասվող ռուս-չինական մեծ պայմանագրով։
 
Թուրքիայի նախագահի վստահությունը Ռուսաստանի ու Չինաստանի հարցում հիմքեր ունի, ինչը կապված է մի կողմից Արցախում Հայաստանի դեմ ռուս-թուրքական պատերազմի արդյունքների, մյուս կողմից՝ Թուրքիայի՝ «հայկական հողի վրա» գոյաբանական խնդիրների հետ, ինչն Անկարային ստիպում է ծավալվել տարբեր ուղղություններով։
 
Բոլոր պարագաներում, այս խնդիրները հանգուցվում են Հայաստանի վրա, ինչը չափազանց դժվար է ընկալվում հայկական քաղաքական ու հանրային շրջանակներում։ Տարածաշրջանի քաղաքակրթական ու քաղաքական առումներով իսկական տերը՝ հայ ժողովուրդը, գործընթացների օբյեկտն ու զոհն է տեղական հանրային-քաղաքական վերնախավերի անհամարժեքության ու իրավիճակն իր պատճառահետեւանքային ամբողջության մեջ չտեսնելու արդյունքում։ «Ռուսաստան-Չինաստան հակաթուրքական ալյանսի» բովանդակությամբ անհեթեթությունները դրա վկայությունն են։ Եթե դա ալյանս էլ է, ապա՝ Թուրքիայի նախաձեռնություններին ենթակա․ Արեւմուտքի դեմ Մոսկվայի ու Պեկինի խրոխտ հռետորաբանությունն այս ֆոնին ծաղրանկարային տեսք ունի։
 
Շրջանի վերաձեւումների ներկայիս գործընթացներում Հայաստանը նախաձեռնությունների ու իրավիճակը շրջելու հնարավորություններ է պահպանում։ Դժվար է իհարկե նման բան սպասել գավառական կատարածու իշխանությունից ու պառլամենտական «ընդդիմությունից»․ նրանց հնարավորությունների սահմանը տեղային բնույթի կենցաղային բազարներն են։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը