Առաջին անգամ երկու համայնք բոյկոտել են ՏԻՄ ընտությունը․ որն է պատճառը


Առաջին անգամ երկու համայնք բոյկոտել են ՏԻՄ ընտությունը․ որն է պատճառը

  • 06-12-2021 13:22:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերի բնակիչներից ոչ ոք չի մասնակցել։ Այսպիսով, գյուղացիներն իրենց բողոքն են արտահայտել համայնքների խոշորացման ծրագրի դեմ, ըստ որի այս երկու համայնքներն ընդգրկվել են Սևան խոշորացված համայնքի կազմում։
 
Սեմյոնովկա գյուղի վարչական ղեկավար Դավիթ Մնացականյանը Lragir.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց։
 
«Գյուղացիները դեմ են նրան, որ մեր համայնքները պետք է միանան Սևան համայնքին։ Մեր համայնքը դեմ չէ, որ միանա Ծովագյուղին, որովհետև Ծովագյուղը մեծ համայնք է, Սեմյոնովկան էլ իր մի թաղամասն է։ Դրան համաձայն ենք, նախկինում էդ ձև էր որոշված, հետո փոխեցին, որ պետք է միանա Սևանին։ Համայնքի բնակիչներն էլ մի մարդու պես կանգնեցին, ասացին՝ չէ։ Ոնց իրենք, ընենց էլ ես՝ համայնքի ղեկավարը, որովհետև ես իրենց կողմից ընտրված մարդ եմ, ես չեմ կարա իմ գյուղացիներին անտեսեմ»,- ասաց Մնացականյանը։
 
Նրա խոսքով՝ եթե Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքները միանան Սևանին, այդ դեպքում կառավարումն արդյունավետ չի լինի։ «Սևանի համայնքներն այնքան շատ են, որ համայնքի ղեկավարը ամիսը մեկ համայնք չի կարա այցելի ու տեսնի խնդիրները։ Միանում են 10 համայնք, 1 քաղաք, 3 թաղամաս։ Համայնքի ղեկավարը չի կարա ամիսը մի անգամ էդ համայնքներ մտնի, բնակիչների կարիքներն իմանա։ Դրա համար, եթե մերը փոքր համայնք ա, լավ կլինի միանա Ծովագյուղին»,- նշեց նա։
 
Դավիթ Մնացականյանն ասաց, որ դեռ տեղյակ չեն, թե իրենց գյուղացիների կողմից ընտրություններին չմասնակցելու դեպքում ինչ է սպասվում համայնքներին։ Ըստ նրա՝ դրա պատասխանը պետք է տան կառավարությունից։ Ծովագյուղ համայնքի բնակիչները ևս չեն մասնակցել ընտրություններին, քանի որ դարձյալ դեմ են Սևանի հետ միավորվելուն։ «Ծովագյուղում էնքան բան է արվել էս տարիներին, էն ձևի է զարգացել, որ մեր Սևանն էդքան չի զարգացել։ Ի՞նչ կարիք կա միավորվելու Սևանին»,- նշեց նա։
 
Լրագրող՝ Ռոզա Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play