Վահրամ Դումանյանը ներկա է եղել Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգին


Վահրամ Դումանյանը ներկա է եղել Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգին

  • 06-12-2021 14:37:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական համերգ, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
 
Բացման խոսքում Վահրամ Դումանյանը կարևորել է հայ ազգի մեծանուն զավակ Անրի Վերնոյի նշանակալից վաստակն ու ժառանգությունը ֆրանսիական կինոյի պատմության մեջ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հանրահռչակմանն ու դատապարտմանն ուղղված նրա անգնահատելի ջանքերը: Ողջունելով հայ և ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերին՝ Վահրամ Դումանյանը գոհունակություն է հայտնել Անրի Վերնոյի ընտանիքի անդամներին՝ հյուրընկալելու հնարավորության համար: 
 
Համերգին ներկա էին Վերնոյի որդին՝ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Պատրիկ Մալաքյանը, և «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերակատար Ժակի Ներսիսյանը:
 
Համերգի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան): Հնչել է ‹‹Դլե յաման›› երգը, որի մենանվագով հանդես է եկել մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանը: Նրա կատարմամբ այդ ստեղծագործությունը հնչել է Վերնոյի հայտնի ‹‹Մայրիկ›› ֆիլմում: 
 
Սիրված երգիչներ Իլոնա Սագևայի, Ջուլիանա Գրիգորյանի և Հայկ Պետրոսյանի կատարմամբ հնչել են նաև Վերնոյի ժամանակակիցների՝ Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի ստեղծագործություններից:
 
Միջոցառման նպատակն էր հարգանքի տուրք մատուցել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի հիշատակին, ներկայացնել Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորել նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում և բացահայտել ազգային ինքնության առանձնահատկությունը:
 
 Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: 
 
Նշենք, որ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play