Ախուրյանում ընդդիմադիր 2 դաշինքները կոալիցիա կկազմեն. ավելի շատ ձայներ հավաքած ՔՊ-ն որոշումը սխալ է համարում


Ախուրյանում ընդդիմադիր 2 դաշինքները կոալիցիա կկազմեն. ավելի շատ ձայներ հավաքած ՔՊ-ն որոշումը սխալ է համարում

  • 06-12-2021 16:24:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հայկական ժամանակ»-ը գրում է.

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ընդդիմադիր 2 դաշինքները՝ «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել:

Նշենք, որ երեկ կայացած ՏԻՄ ընտրության արդյունքներով Ախուրյան խոշորացված համայնքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
 
«Ախուրյան» կուսակցությունների դաշինք՝ 3854 քվե կամ 29,97%
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 2810 քվե կամ 21,85%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 6195 քվե կամ 48,18%:
Քաղաքական ուժերից ոչ մեկը 50%+1 ձայն չի հավաքել այս համայնքում, սակայն քվեների մեծ մասը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
 
«Հայկական ժամանակի» հետ զրույցում կուսակցության ընտրացուցակը գլխավորած Ալբերտ Այվազյանն ասաց՝ իրենք չեն պարտվել, կրկնակի քվե են ստացել պայքարող մյուս ուժերի համեմատ:
 
«Իրենք, ճիշտ է, որոշել են կոալիցիա ձևավորել, բայց սխալ քայլ են անում: Երկուսն էլ, եթե նորմալ են մտածում (նկատի ունի «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը գլխավորած Արծրունի Իգիթյանին և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը առաջնորդած Կարեն Արշակյանին), պետք է հետ կանգնեն այդ որոշումից: Ժողովուրդը երեկ ցույց տվեց, որ իրենց չի ընդունում, չի սիրում: Հիմա, որ գլուխները դեմ են տվել, գնում են, վաղը, մյուս օրը մարդիկ ասելու են՝ գնացեք, ձեզ չենք ուզում: Հաղթողը մենք ենք. Ախուրյանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը»,- ասաց Այվազյանը:
 
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքն առաջնորդած Կարեն Արշակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ իրենք էլ պակասք քվեներ չեն ստացել և պտասխանատու են այն մարդկանց առաջ, որոնք ձայնը տվել են «Հաղթանակ» և «Ախուրյան» կուսակցությունների դաշինքներին:
 
Թե ինչո՞ւ կոալիցիա չեն ուզում կազմել ավելի շատ քվեներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ կրկնակի ձայներ հավաքած քաղաքական ուժի փոխարեն առավել պակաս արդյունք ունեցած ուժը կամ ուժերը գան իշխանության, Արշակյանը պատասխանեց՝ իրենք ի սկզբանե բացառել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելու հավանականությունը: Որպես պատճառ՝ նշեց՝ իրենք ընդդիմադիր են:
 
«Հիմա մենք կստանձնենք համայնքի ղեկավարումը: Մարդիկ մեզ վստահում են, մենք էլ կշարունակենք ծառայել մեր ժողովրդին»,- նշեց Արշակյանը:
 
Ըստ Ալբերտ Այվազյանի՝ այս պարագայում օրենքի բաց կա: Այն չպետք է թույլ տա, որ քիչ քվեներ ստացած ուժերը միավորվեն, պետք է կոալիցիա կազմել հաղթող ուժի հետ:
 
«Եթե պարտվենք, զուտ օրենքի բացի պատճառով կլինի: Ես ոչ թե վիրավորված եմ, այլ ուղղակի փաստում եմ դա: Ես պնդում եմ, որ հաղթողը մենք ենք և շնորհակալ ենք այն մարդկանց, որոնք հավատացել են մեզ և ընտրել»,- ասաց ՔՊ թեկնածուն:
 
Թե ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ախուրյանում չհաղթահարեց 50%-ի շեմը, Այվազյանն ասաց՝ 50-ից ավելի, 60 տոկոս արդյունք էին վստահորեն սպասում, սակայն այս հարցում իր վճռորոշ դերակատարությունն է ունեցել ընտրապայքարից դուրս մնացած «Իկիլիկյան» դաշինքը:
 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի, որով Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի գրանցումը անվավեր էր ճանաչվել. առկա էին եղել փաստաթղթային անճշտություններ:
 
«Իկիլիկյանը ծնկաչոք իր ժողովրդին խնդրել էր, որ ՔՊ-ին ձայն չտան, ասել, որ Ազատանում 30 տոկոսը կզրկվեն աշխատանքից, ինչպես նաև, եթե ընտրեն դաշինքներին, իրենց ու ժողովրդի համար էլ լավ կլինի: Հենց սրա պատճառով էլ մեր սպասած 60 տոկոսը ձայնը չստացանք»,- նշեց Ալբերտ Այվազյանը:
 
Կոալիցիա կազմելու հայտարարությամբ հանդես եկած ուժերի ներկայացուցիչը, սակայն, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս պահին դեռ չեն որոշել, թե ո՞վ է լինելու համայնքապետ, ո՞վ տեղակալ և այլն: Այն, որ «Իկիլիկյան» դաշինքի հետ ևս համագործակցություն լինելու է, չբացառեց:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը