Հայկական երկաթուղին «հարմարեցվում» է միջանցքների՞ն


Հայկական երկաթուղին «հարմարեցվում» է միջանցքների՞ն

  • 06-12-2021 17:22:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. 
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ քննարկել է «երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու» հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Քերոբյանը։
 
Վահան Քերոբյանն այն կառավարության անդամ է, որն իշխանության է եկել նախկիններին մեղադրանքների հիման վրա, պնդելով, որ նախկինները Ռուսաստանին են փոխանցել ազգային ողջ ունեցվածքն ու բարիքները։ «Մեղադրանքների» թվում 2008 թվականի հունվարին Ռուսաստանի Դաշնության կոնցեսիային հայկական երկաթուղու կասկածելի հանձնումն է, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտից ընդամենը մեկ-երկու ամիս առաջ։ Այժմ կառավարությունը մտադիր է «միավորել» Ռուսաստանի և Հայաստանի երկաթուղիների համակարգերը։ Դա կոնցեսիայի ընդլայնո՞ւմ է ենթադրում, թե միաձուլում։
 
Հայկական երկաթուղիները մինչև 2038 թվականը կոնցեսիոն կառավարման է հանձնված  Ռուսաստանին, ավելի ճիշտ՝ այն ակտիվները, որոնք նրան են փոխանցվել 2008 թվականին։ Ինչ վերաբերում է նոր կառուցվելիք ուղիներին, դրանք չեն մտնում ռուսական կոնցեսիոն պայմանագրի մեջ։
 
2021 թվականի ամռանը Ռուսական երկաթուղիների մասնագետները ստուգել են Նախիջևանի ուղղությամբ գծերը։ Պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք տեխնիկական քննարկումներ տարածաշրջանային կոմունիկացիաներ բացելու պատրաստակամության վերաբերյալ, ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն ասել է․ «Ռուս գործընկերները զուտ տեխնիկական տեսանկյունից գնահատել են երկաթուղիների վիճակը, իսկ եթե խոսենք լուրջ աշխատանքի մասին, ապա այդպիսի քննարկումներ չեն եղել, կամ, համենայնդեպս, մեզ չեն ներգրավել դրանց»։
 
Տարիների ընթացքում Ռուսաստանն ամեն ինչ արել է Հայաստանի ենթակառուցվածքներին տիրանալու համար։ Սա հնարավորություն է տալիս վերահսկել ոչ միայն Հայաստանը, այլեւ տորպեդահարել տարածաշրջանային նախագծերը։ Օրինակ, «Ռուսական երկաթուղիներ»-ը համարել է, որ Երասխից Մեղրի հայ-իրանական երկաթուղու կառուցումը «անշահավետ և աննպատակահարմար է», «ոչ մի տեղ տանող ճանապարհ»: Այժմ Ռուսաստանը, թուրքերի հետ առաջ մղելով «միջանցքները», փորձում է տորպեդահարել Հյուսիս-Հարավ մայրուղին, որը պետք է Իրանը միացնի Սև ծովի հետ Հայաստանի և Վրաստանի տարածքով։
 
2008 թվականին, երբ սկսվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», «Ռուսական երկաթուղիները» դիմեցին Թուրքիային՝ Գյումրի-Կարս ճանապարհը շահագործելու առաջարկով։ Այժմ Մոսկվան փորձում է վերահսկողություն հաստատել Հայաստանի այն ճանապարհների վրա, որոնք կարող են բացվել։
 
14 տարիների ընթացքում «Ռուսական երկաթուղի»-ն էական ոչինչ չի արել Հայաստանի երկաթուղիների զարգացման համար։ Վանաձոր-Ֆիոլետովո հատվածը, որը 112 կմ-ով կկրճատեր Երեւան-Թբիլիսի երթուղին, չի կառուցվել։ ՀԿԵ-ն չի կառուցել «Զվարթնոց» օդանավակայանից մինչև «Չարբախ» մետրոյի կայարան երկաթուղային գիծը։
 
Դրա փոխարեն մի քանի ամիս առաջ 2 դատարկ էլեկտրագնացք մեծ շուքով հասցվեցին Հայաստան, որոնց հանդիսավոր դիմավորեց դեսպան Կոպիրկինը։
 
Օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայկական երկաթուղում խոշոր ներդրումների մասին։ Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը Հայաստանում քննարկեց երկաթուղու կոնցեսիոն պայմանագրի փոփոխության հարցը։ Դրանք նախատեսում են ուղևորափոխադրման սուբսիդավորման ծավալների սահմանափակումների վերացում և «այլ փոփոխություններ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը