Աղետի գոտու բնակարանային ապահովման ծրագիրն ավարտվում է. լուծվել է 5419 ընտանիքի խնդիր

Աղետի գոտու բնակարանային ապահովման ծրագիրն ավարտվում է. լուծվել է 5419 ընտանիքի խնդիր

  • 06-12-2021 18:45:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում 1988 թվականի երկրաշարժի հետևանքով աղետի գոտու անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրն ավարտվում է:
 
Ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին և մինչև 2021 թվականը ծրագրի շահառու է ճանաչվել 5419 ընտանիք՝ ներառյալ նաև բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնածները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում 2008-2019 թվականներին՝ շուրջ 67.3 մլրդ դրամի հաշվին լուծվել է 5177 ընտանիքի բնակարանային խնդիրը: Ծրագրի ավարտական փուլը կամ ծրագրի շահառու ճանաչված, սակայն դեռևս բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն չստացած 242 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծումը մեկնարկել է 2020 թվականին: Այս ընտանիքիներից 214-ի հիմնական մասը գյուղական բնակավայրերի բնակիչներ են: Որպես հիմնական լուծում 187-ն ընտրել էր բնակելի տների կառուցման տարբերակը, 20-ը՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը, 7-ն էլ նախընտրել է ուղղակի ֆինանսական աջակցությունը:
 
«Մնում է 28 ընտանիքի խնդիր: Ընտանիքիները Շիրակի մարզի Ջրաձոր համայնքից են: Նրանց բնակարանային խնդրի լուծումը և ֆինանսավորման հարցը դիտարկվելու է ՀՀ կառավարության համապատասխան որոշման շրջանակում՝ Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Ջրաձոր համայնքից վերաբնակեցվող ընտանիքների հետ միասնական մոտեցումների համաձայն և նախատեսված աջակցության ամբողջ ծավալով»,-ասաց Տանյա Արզումանյանը:
 
Ծրագիրն ավարտվում է և դրա շրջանակում ձևավորված պետական պարտավորությունների կատարումն ևս ավարտվում է: Ի՞նչ է լինելու այն դեպքում, երբ քաղաքացիները դատական կարգով վերականգնում են բնակապահովման իրենց իրավունքը: Տանյա Արզումանյանը նշեց, որ այս ընտանիքների մասով ևս կառավարությունն ամրագրել է՝ նրանց խնդիրները կլուծվեն տարեկան պետական բյուջեի շրջանակներում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման եղանակով: Բացառություն կկազմեն գյուղական բնակավայրերի մեկ սենյականոց բնակարանի շահառուները: Նրանց ուղղակի ֆինանսական աջակցություն կտրամադրվի 3 մլն դրամի չափով:  
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը