Պենտագոնը պատրաստ է Ուկրաինային «Patriot» մատակարարել. Եթե Պուտինի ու Բայդենի բանակցությունները ձախողվեն


Պենտագոնը պատրաստ է Ուկրաինային «Patriot» մատակարարել. Եթե Պուտինի ու Բայդենի բանակցությունները ձախողվեն

  • 07-12-2021 11:19:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ». Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի միջեւ այսօր կայանալիք առցանց բանակցություններում Պենտագոնը կփորձի մի քանի անակնկալ մատուցել։ Դա հասկացրել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է «օգնել Ուկրաինային՝ պաշտպանելու իր ինքնիշխան տարածքը»։ Պենտագոնի ղեկավարը դեռ մանրամասներ չի հայտնել, որպեսզի նախապես «չբացահայտի այն», ինչ կասի Բայդենը Պուտինին օնլայն հանդիպման ընթացքում: Սակայն Ուկրաինայում արդեն սպասում են ամերիկյան զենքի, օրինակ՝ հրթիռային համակարգերի մատակարարմանը։
 
ԱՄՆ-ում եւ ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասում իշխանությունները վստահ են, որ Ռուսաստանը պատրաստվում է լայնածավալ ռազմական ներխուժման՝ ընդդեմ Ուկրաինայի։ «The Washington Post»-ը եւ «Bild»-ը վերջերս այդ գաղափարը ցուցադրել են նկարներով՝ գծապատկերներով եւ տեղագրական քարտեզներով, լուսանկարներով եւ այլն: ՌԴ ԱԳՆ-ն եւ Կրեմլը հերքել են այս հրապարակումները, սակայն, դատելով ամերիկյան ղեկավարության տրամադրություններից, Վաշինգտոնում այլեւս չեն արձագանքում ռուսական նման հայտարարություններին։ Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցներն արդեն գրում են Կիեւին մահաբեր զենքի առաքման տեսքով շտապ ռազմական օգնություն ցուցաբերելու ԱՄՆ ղեկավարության որոշման մասին։ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ասոցիացիայի «Air Force Magazine» ամսագիրը հաղորդում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը «գործում է Ուկրաինայի տարածքում ու գնահատում, թե ինչ է պետք երկրին՝ տարբեր սպառնալիքներից պաշտպանվելու համար, իսկ ռուսական զորքերը կենտրոնանում են մի շարք ռազմաճակատներում»: Ամսագիրը մեջբերել է Ուկրաինայում ամերիկյան նախկին դեսպան Ջոն Հերբստի խոսքերը. «Պաշտպանության ոլորտում անհապաղ օգնությունն Ուկրաինային հնարավոր է եւ պետք է գաղտնի փոխանցվի երկրին»:
 
Գուցե Պենտագոնի աշխատանքային խումբը զբաղվի նման գործընթացի կազմակերպմամբ, եթե ՌԴ-ի ու ԱՄՆ-ի նախագահների շփման արդյունքում չգտնվեն ճգնաժամի խաղաղ լուծման ուղիներ: Օրերս ելույթ ունենալով «Ռուսաստանը նորից ներխուժելո՞ւ է Ուկրաինա» Ատլանտյան խորհրդի քննարկման ժամանակ՝ Հերբստն ասել է. «Մենք պետք է ի վիճակի լինենք հենց հիմա զենքի որոշակի համակարգեր տեղափոխել Ուկրաինա: Պետք է լրջորեն մտածենք ավելի ուժեղ հակաօդային պաշտպանության մասին, ներառյալ, հնարավոր է, «Patriot» հրթիռները»: «Air Force Magazine»-ը հաղորդում է, թե տեղեկություններ ունի, որ կոնգրեսականների հետ հանդիպումների ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, ով վերջերս է եղել Միացյալ Նահանգներում, քննարկել է «Stinger» շարժական զենիթահրթիռային համակարգերի օգնությամբ հարվածային ուղղաթիռներից պաշտպանվելու հարցը, եւ, իբր, այդ համակարգերն Ուկրաինային մատակարարելու հարցն արդեն լուծված է: «Patriot» շարժական զենիթահրթիռային համակարգերը, որոնք արտադրվում են ավելի քան 40 տարի, հիմնականում արտահանվում են ամերիկյան դաշնակից պետություններ՝ Ճապոնիա, Հորդանան, Քաթար, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի երկրներ: Այդ համակարգերն սկսել են ակտիվորեն գնել Լեհաստանն ու Ռումինիան: Բայց Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու նպատակով ԱՄՆ-ն, ինչպես երեւում է, պետք է այդ սպառազինությունն իր հաշվին մատակարարի:
 
Արդյոք Բայդենը նման բան կանի՞: Եվս մեկ կարեւոր հարց՝ Ուկրաինայում ով է շահագործելու ամերիկյան զենիթահրթիռային համակարգերը: Ուկրաինան նման մասնագետներ դեռ չունի, իսկ նրանց նախապատրաստման համար ժամանակ կպահանջվի: Ինչպես երեւում է, Պենտագոնը կվստահի իր ռազմական հրահանգիչներին, ովքեր հիմա գործում են Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական ստորաբաժանումներում: Բաց աղբյուրների համաձայն՝ նրանք մի ամբողջ գումարտակ են կազմում՝ տարբեր մասնագիտությունների ոչ պակաս 200 զինծառայող: Բացի այդ, հայտնի չէ, թե Ուկրաինայում որքան մասնագետներ կան մասնավոր զինվորական ընկերություններից, որոնց թիվը, ըստ փորձագետների, շատ ավելին կարող է լինել: Հնարավոր ռազմական գործողությունների դեպքում հենց այդ մարդիկ կարող են գոնե սկզբում շահագործել ամերիկյան զենիթահրթիռային համակարգերը: «Air Force Magazine»-ի հրապարակման հեղինակ Ավրաամ Մահշին խորհում է, թե «Patriot» համակարգերը որքան արագ կարող են հասցվել Ուկրաինա, եւ հենվում է ԱՄՆ-ի տրանսպորտային հրամանատարության ներկայացուցչի կարծիքի վրա, ով հայտարարել է դրանք օդով տեղափոխելու հնարավորության մասին: Այսինքն՝ հակաօդային պաշտպանության այդ միջոցները ԱՄՆ-ից կմատակարարվեն ռազմա-տրանսպորտային ծանր ինքնաթիռներով՝ ոչ ավելի, քան 1-2 օրվա ընթացքում: Իսկ ինչո՞ւ էին ամերիկացիները մտահոգվում Կիեւին «Patriot» համակարգերի մատակարարման հարցերով՝ որպես միջին եւ ավելի բարձրությունների վրա զորքերի դիրքային շրջաններում հակաօդային պաշտպանության ունիվերսալ միջոց: Վերը նշված ամսագիրը դա բացատրում է այն հանգամանքով, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը շատ հին են։ Եվ, ինչպես երեւում է, դա նկատել է Ուկրաինայի զինված ուժերում աշխատող ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը։
 
Ամերիկացիները ենթադրում են, որ «ագրեսորները» (նկատի ունեն Ռուսաստանի Դաշնությանը) մարտական (կործանիչ եւ գրոհային) ինքնաթիռներ կօգտագործեն Ուկրաինայի հարավարեւմտյան մասում։ Եվ, ուրեմն, անհրաժեշտ է ծածկույթ ապահովել դրա դեմ։ «Patriot» համակարգերը կարող են ծածկույթ ապահովել ցանկացած ամենաժամանակակից ավիացիայի դեմ,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է ռազմական փորձագետ, գնդապետ Սերգեյ Գրեբեշկովը:- Չնայած, ըստ մինսկյան համաձայնագրի, հակամարտության գոտում ոչ մի ավիացիա չպետք է լինի։ Ռուսաստանը մեկ անգամ չէ հայտարարել, որ ագրեսիվ պլաններ չունի եւ Դոնբասում հակամարտող կողմ չէ։ Այլ հարց է, եթե Կիեւը հանկարծ ԱՄՆ-ի աջակցությամբ որոշի սկսել Ղրիմի «ապաօկուպացումը»։ Այդ դեպքում ամեն ինչ հնարավոր է»: Փորձագետի կարծիքով՝ այդ դեպքում «Patriot»-ը պաշտպան չի դառնա, եւ բոլոր դիրքերը, որտեղից ագրեսիա կիրականացվի Ռուսաստանի Դաշնության դեմ, կոչնչացվեն, այդ թվում՝ հիպերձայնային զենքի կիրառմամբ։ Երբ Ռուսաստանն ու Բելառուսը զորավարժություններ էին անցկացնում Ուկրաինայի մերձակայքում եւ տեղեկատվական տարածությունում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ կրքերի բորբոքման ֆոնին, նույն ժամանակ լարվածությունը սրում էր նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը՝ հայտարարելով, որ Մոսկվայի վրա թանկ կնստի ցանկացած ռազմական ներխուժում, եթե նա նման որոշում կայացնի՝ կապված Ուկրաինայի հետ: Ինչպես տեսնում ենք, լարվածության աճը երկկողմանի է, սակայն Ռուսաստանը ունի մեկ փաստարկ, որի դեմ ոչինչ հնարավոր չէ ասել. զորքերի ու ծանր սպառազինության տեղաշարժերն ու կենտրոնացումները նա կատարում է իր տարածքում, եւ, իրոք, ինչպես անընդհատ հայտարարում են ռուս պաշտոնյաները, նա դրա բոլոր իրավունքներն ունի։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը