ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ


ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

  • 07-12-2021 20:40:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր ՀՀ Ազգային ժողովում իշխանական պատգամավորների և ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների միջև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել: Լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանի օգնականն է նշել այդ մասին:
 
Ըստ նրա՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Թադևոս Ավետիսյանի, Արմենուհի Կյուրեղյանի օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին և Տարոն Ղազարյանին պատգամավորները հրավիրել են ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո տեղի է ունեցել միջադեպը:
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ինքը չի մասնակցել ծեծկռտուքին:
 
«Չգիտեմ՝ ով էր մեղավոր, չգիտեմ՝ ով է սկսել։ Երբ ես հասա դռների մոտ, ծեծկռտուքն արդեն սկսված էր»,- նշել է նա։
 
«Քաղաքացիակն պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նույնպես պնդել է, որ մանրամասներին չի տիրապետում:
 
Իշխանական պատգամավոր Նարեկ Ղարամանյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երբ եկել է, միջադեպն արդեն սկսված է եղել, սենյակում տեսել է Արծվիկ Մինասյանին, որը խոսելիս է եղել Հայկ Կոնջորյանի հետ:
 
«Ես խոսակցությանը չեմ մասնակցել։ Մյուս սենյակում եմ եղել։ Վեց տարբերակ եմ լսել դեպքի մասին, վեցն էլ՝ տարբեր։ Այնտեղ մենք էինք չորս-հինգ հոգով, ինչ պետք է հանդարտեցնեինք։ Դուք ինձանից շատ բան գիտեք»,- ասել է պատգամավորը։
 
«Հայկական ժամանակ»-ին ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը