Ալիևի վերջին՝ միջանցքի բացման ժամկետների մասին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր․ Մհեր Գրիգորյան


Ալիևի վերջին՝ միջանցքի բացման ժամկետների մասին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր․ Մհեր Գրիգորյան

  • 08-12-2021 13:01:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
CIVILNET. Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ․ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
 
«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների՝ Սոչիի հայտարարությանը, որի համաձայն պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման համար, ինչպես նաև աշխատանքներ տանել սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Սակայն այդ հարցը ոչ մի կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»,- նշել է Գրիգորյանը։
 
Հայաստանի փոխվարչապետը նաև հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումներ իրականացնելու հարցերի մշակմամբ․ «Այդ հարցերի վերջնական կանոնակարգման վերաբերյալ քննարկում դեռ չի եղել»:
 
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի հայտարարությունն անսպասելի էր հայաստանյան իշխանությունների համար, սակայն Երևանը հույս ունի, որ երեք երկրների փոխվարչապետերի աշխատանքը կշարունակվի համաձայնեցված հիմնարար սկզբունքների շրջանակում։
 
«Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր։ Ենթադրվում էր, որ առաջիկա օրերին մենք կշարունակենք եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։ Հուսով եմ՝ իրավիճակը կվերադառնա կառուցողական հուն»,- ասել է Գրիգորյանը։
 
Նա նշել է, որ այդ խմբի աշխատանքը մինչև այս պահը ընթացել է «կառուցողական երկխոսության ձևաչափով»։ Մհեր Գրիգորյանը նկատել է, որ աշխատանքային խմբի կողմերն ունեին երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու ապաշրջափակման հարցերով փոխըմբռնում։
 
«Նաև կար ընկալում, որ ճանապարհների հանդեպ ինքնիշխանությունը պահպանում են այն երկրները, որոնց տարածքներով անցնում են դրանք, և այդ ճանապարհները, իրենց հերթին, կլինեն այն երկրի իրավազորության ներքո, որով անցնում են։ Մյուս հարցերով կան նյուանսներ»,- ասել է Մհեր Գրիգորյանը։
 
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի վերջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
 
Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում է լսել ժամկետներ, թե «երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը, և այդ ժամանակ ոչ մի խնդիր չի լինի»։ «Կարծում եմ՝ և Հայաստանի ղեկավարությունը, և հասարակությունը, և Հայաստանի բնակչությունը պետք է հասկանան դա։ Մենք հասանք, հասնում ենք և կհասնենք մեր ուզածին»,- ասել է նա։
 
Արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ Հայաստանի ԱԳՆ-ն նշել է, թե Ալիևի հայտարարությունը հակասում է Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը