«Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավորները մեկնաբանում են երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը


«Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավորները մեկնաբանում են երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը

  • 08-12-2021 14:41:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում կար անդրադարձավ երեկ խորհրդարանում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
 
«Կարճ կարող եմ ասել հետևյալը՝ այդ երիտասարդը, որքանով հիշում եմ անունը, Գերասիմ, մեղավոր չէ: Մեղավոր են իր շեֆերը, քաղաքական հայրերը՝ իրեն այստեղ բերելու համար: Ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի և մեկ այլ քրեական գործով»,- ասաց Հակոբյանը՝ դատապարտելով նման մարդուն խորհրդարանում աշխատանք տրամադրելը:
 
Միջադեպին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նա նշեց, որ դեպքի վայր է հասել այն պահին, երբ մնացածն էլ են հասել:
 
Ինչ վերաբերում է ծեծկռտուքից առաջ միջանցքում ընդդիմադիր խմբակցության աշխատակիցների հետ խոսակցությանը, Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Չէի ուզենա դրան անդրադառնալ։ Ես անձամբ իրենց ձեռքս մեկնել եմ, ջանով-ջիգյարով ասել եմ՝ տղերք ջան, գնացեք, ոչ մի խնդիր չկա։ Հետո հասել եմ այն պահին, երբ աղմուկ էր լսվում։ Մոտեցել եմ մի տղայի, որի հետ քաշքշուկ էր, իրեն գրկել եմ, ուղեկցել դեպի դուռը և ասել՝ գնա։ Տհաճ, ինձ համար անընդունելի տեսարան էր, դատապարտում եմ»:
 
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Ազգային ժողովում իշխանական պատգամավորների և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել: Լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանի օգնականն էր նշել այդ մասին:
 
Ըստ նրա՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Թադևոս Ավետիսյանի, Արմենուհի Կյուրեղյանի օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին և Տարոն Ղազարյանին պատգամավորները հրավիրել էին ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո տեղի էր ունեցել միջադեպը: 
 
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել էին, որ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը