Երևանի քաղաքապետը պարգևներ ու պատվավոր կոչումներ է հանձնել Հանրայինի վաստակաշատ աշխատակիցներին


Երևանի քաղաքապետը պարգևներ ու պատվավոր կոչումներ է հանձնել Հանրայինի վաստակաշատ աշխատակիցներին

  • 08-12-2021 17:33:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մի շարք աշխատակիցների, որոնք նշանակալի ավանդ ունեն 65-ամյա Հանրայինի ստեղծման և զարգացման գործում: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել կարևոր առաքելության ու հաճախ կադրից դուրս մնացող, բայց անչափ պատասխանատու աշխատանքի համար: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից: 
 
«Բոլորս մեծացել ենք Հանրայինի եթերի ներքո, և ես շատ ուրախ եմ, որ այսօր էլ հեռուստաընկերությունն էկրաններից այն կողմ շարունակում է սերունդներ կրթել և որակ թելադրել: Շատ կարևոր նշաձող եք սահմանել, և ես հաջողություններ եմ մաղթում բոլոր նախաձեռնություններում»,- նշել է քաղաքապետը:
 
Երևանի ավագանու որոշմամբ հայկական հեռուստատեսության հիմնադրման 65 և ծննդյան 85-րդ տարեդարձերի առթիվ, հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի, գիտության և կրթության ոլորտում ունեցած հաջողությունների համար արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչ Հենրիկ Հովհաննիսյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։
 
Երևանի քաղաքապետի որոշմամբ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի առթիվ հեռուստատեսության ստեղծման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ռեժիսոր Սուրեն Ռշտունին հետմահու պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով։
 
Իսկ մարզական հաղորդումների խմբագիր Սլավա Սարգսյանը, հեռուստաընկերության եթերի բովանդակության վերահսկող Մարատ Օրդյանը, հաղորդավար, սցենարիստ-լրագրող Աննա Ավանեսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
 
Հայաստանի հանրային հեռուստաընկերության հեռուստաարտադրական ծառայության նկարահանումների համակարգման պատասխանատու Արինա Անտոնյանն էլ պարգևատրվել է Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն