Երևանի ու Բաքվի՝ ՄԱԿ-ի դատարանում մերժված ու բավարարված պահանջները


Երևանի ու Բաքվի՝ ՄԱԿ-ի դատարանում մերժված ու բավարարված պահանջները

  • 08-12-2021 17:46:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հոդված է հրապարակել «Երևանի ու Բաքվի՝ ՄԱԿ-ի դատարանում մերժված ու բավարարված պահանջները» թեմայով: Ներկայացնում ենք հոդվածից մի հատված. 
 
«2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան «Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի» խախտման առնչությամբ՝ այդ երկրի նկատմամբ 8 հրատապ միջոց կիրառելու պահանջով: 
 
Այդ պահանջներից երկուսը վերաբերում էին ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելուն և նրանց անվտանգությունն ապահովելուն, 3-ը՝ հայկական պատմամշակութային, կրոնական նյութական ժառանգության պահպանմանը, դրա նկատմամբ վանդալիզմի կանխարգելմանը, ինչպես նաև այդ վայրերի հասանելիության ապահովմանը: 
 
Մյուս պահանջներից 2-ը հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ատելության խոսքի և խտրականության հրահրման կանխարգելմանն էին վերաբերում, մեկով էլ հայկական կողմը պահանջում էր կիրառվելիք հրատապ միջոցների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերական տրամադրում Դատարանին: 
 
Դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց ՀՀ-ի հայցով վճիռը․ դրանով, ըստ էության, չեն բավարարվել գերիներին անհապաղ ազատ արձակելու և հրատապ միջոցների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պահանջները: Չեն բավարարվել նաև հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերը չխոչընդոտելու, նյութական ժառանգությունը ավերումից կամ վնասումից պաշտպանելու պահանջները: 
 
Ամբողջությամբ բավարարվել է 2 կետ՝ գերիների անվտանգության և իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հայերի հանդեպ ռասայական խտրականության դրսևորումները չսրելու կամ չշարունակելու պահանջները:
 
Մասամբ է բավարարվել երկու պահանջ: Դրանցից մեկը Ադրբեջանի՝ հայերի հանդեպ ատելության խոսքի, խտրականության հրահրման, ինչպես նաև Բաքվի «Ռազմավարի պուրակի» փակմանն է վերաբերում․ Դատարանը վճռել է, որ Ադրբեջանի պետական մարմիններն ու պաշտոնյաները չպետք է ազգային ատելություն հրահրեն հայերի նկատմամբ, սակայն դիրքորոշում չի հայտնել տխրահռչակ պուրակի փակման պահանջի վերաբերյալ: 
 
Երկրորդ մասամբ բավարարված պահանջը հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի կանխարգելման ու պատժի մասին է, որտեղ, սակայն, չի խոսվում պատմամշակութային վայրեր այցերի անվտանգության ու հասանելիության մասին: 
 
Սեպտեմբերի 23-ին նույն կոնվենցիայի խախտման առնչությամբ Ադրբեջանն էր հայց ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ 6 հրատապ միջոց կիրառելու պահանջով: Դրանցից երկուսը վերաբերում էին ականապատ դաշտերի քարտեզներին, ՀՀ֊ի կողմից «ադրբեջանական տարածքների» ականապատման դադարեցմանը, 3-ը՝ Ադրբեջանի հանդեպ առանձին կազմակերպությունների և անհատների ատելության խոսքին, ռասայական խտրականության դրսևորումներին, ինչպես նաև ադրբեջանցիների հանդեպ ազգային հողի վրա հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը: Վերջին կետը կիրառվելիք հրատապ միջոցների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերական տրամադրման մասին էր: 
 
Դեկտեմբերի 7-ին Դատարանի հրապարակած վճռով բավարարվել են Ադրբեջանի 6 պահանջից ընդամենը երկուսը․ առաջինը՝ կանխարգելել կազմակերպությունների և  առանձին անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության հրահրումը, և երկրորդ՝ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն