Գերության մեջ հայտնված Միհրան Մուսայելյանին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել. ԱՀ դատախազություն

Գերության մեջ հայտնված Միհրան Մուսայելյանին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել. ԱՀ դատախազություն

  • 08-12-2021 19:19:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը գերության մեջ ենթարկվել է բռնության, առողջությանը  պատճառվել է ծանր վնաս: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ դատախազությունը, որում ասված է.
 
«Սույն թվականի նոյեմբերի 26-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ էր հայտնվել և ռուս խաղաղապահերի միջնորդությամբ հայկական կողմին վերադարձվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը:
 
Մ. Մուսայելյանի մարմնի վրա առկա վնասվածքների առաջացման մեխանիզմը, տեղակայությունը և առողջությանը պատճառված վնասի աստիճանը որոշելու նպատակով 2021թ. նոյեմբերի 27-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ Մ. Մուսայելյանի մարմնի վրա արձանագրվել հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք՝ կրծքոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնևմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:   
 
Ձեռք բերված տվյալների հիման վրա ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի  2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով (դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելը մի խումբ անձանց կողմից և ազգային ատելության շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է հետաքննություն»:
 
Տեղի ունեցածին անդրադարձել է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ու գրել. «Հայ գերիների և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված անձանց նկատմամբ ադրբեջանական կողմը էթնիկ և կրոնական ատելության հիմքով ցուցաբերել և ցուցաբերում է առանձնակի դաժանություն և բռնություն։ Այս իրավիճակը տարիների ընթացքում Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ուղիղ հետևանքն է»։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն