Բացվել է հանրապետության ամենամեծ բացօթյա սահադաշտը


Բացվել է հանրապետության ամենամեծ բացօթյա սահադաշտը

  • 13-12-2021 15:11:13   |   |  Հասարակություն

Դեկտեմբերի 11-ին երևանանյան փոքրիկ Լապլանդիայում՝ Winter Park-ում բացվել է հանրապետության ամենամեծ բացօթյա սահադաշտը։ 
 
Winter Park ձմեռային այգու բացումը մեկնարկեց հեքիաթային հերոսների անակնկալ շքերթով, որը ձգվեց ամբողջ այգու երկայնքով։ Այնուհետև հյուրերն ու փոքրիկները դիմավորեցին Միսիս Կլաուսին, Գրինչին, էլֆերին և Սանտային, ով Լապլանդիայից այգի ժամանեց հեքիաթային թռիչքով։ Երեխաները հնարավորություն ունեցան Սանտայի տնակում հանդիպել Սանտային, անձամբ պատմել իրենց ամանորյա երազանքների մասին և մասնակցեցին այգու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։ 
 
Winter Park ձմեռային այգին նմանատիպ կոնցեպտով և հագեցվածությամբ տարածաշրջանում եզակիներից է։ Ձմեռային այգու համհիմնադիր Տիգրան Հարությունյանը, պատմելով այգու ստեղծման գաղափարի մասին, նշեց, որ այգին ստեղծելիս ոգեշնչվել են իրական Լապլանդիայից. 
 
«Հին Երևանին ծանոթ բնակիչները կհիշեն, թե նախկինում ինչ տեսք ուներ այգին։ Տարածքը քաղաքի ամենասիրելի զբոսավայրերից մեկն էր, բայց հետագայում անուշադրության մատնվելու պատճառով անմխիթար վիճակում էր հայտնվել։ Ու երբ տարիներ առաջ քննարկում էինք այգին հիմնանորոգելու և բարեկարգելու գաղափարը, կասկած չունեինք, որ Երևանին պետք են նմանատիպ այգիներ ու ժամանցի վայրեր, որոնք հարմար կլինեն հենց ընտանեկան ժամանցի համար։ Մի քանի ամիս շարունակ, գիշեր-ցերեկ շինարարություն անելով ու թիմային նվիրված աշխատանքի շնորհիվ 2016 թվականի դեկտմբերին հիմնովին վերափոխված այգին ներկայացրինք մեր բնակիչներին, և այն դարձավ մեր ամանորյա նվերը սիրելի քաղաքին։ Ամեն տարի այգում որևէ նոր բան ենք ավելացնում, իսկ 6 տարի է արդեն այգում ձմռան ամիսներին գործում է հանրապետությունում ամենամեծ բացօթյա սահադաշտը, որի մակերեսը 1800քմ է»։ 
 
Փոքրիկ Լապլանդիա հիշեցնող այգում կտրվում ես աշխարհից և հայտնվում քո մանկության հեքիաթներում. երեխաներն էլֆերին հանձնում են Սանտային հասցեագրված՝ իրենց նվիրական երազանքներով նամակները, էլֆերն օգնում են դասավորել անթիվ-անհամար նվերները, միսիս Կլաուսը թխում է անուշաբույր թխվածքաբլիթներ, իսկ չարաճճի Գրինչն իր տնակում նոր արկածներ է մոգոնում։ Նոր Տարվա հեքիաթի գլխավոր հերոսն էլ լուսավոր,  մե՜ծ խաղալիքներով, հսկայական տոնածառն է։ 
 
Այգու համահիմնադիր Անժելա Պետրոսյանն էլ նշեց, որ Երևանում նմանատիպ այգի ունենալն էլ իրենց երազանքն էր. 
 
«Տարիներ առաջ մենք էլ փոքրիկ երեխաների նման մի երազանք էինք մտապահել, և ուզում էինք, որ այն անպայման իրականություն դառնա։ Մենք էլ ամեն օր մտածում էինք դրա մասին և ապրում  էինք այդ մտքով։ Շատ ուրախ եմ, որ կատարվել է Երևանում Փոքրիկ Լապլանդիա ունենալու մեր երազանքը։ Մեր այն երազանքը, որ երեխաներն իրենց տեսած մուլտֆիլմերում, հեքիաթի գրքերում կարդացած հերոսներին ու Սանտային կհանդիպեն իրական կյանքում, կտեսնեն, թե ինչպես է Սանտան թռիքչով գալիս, ինչ տեսք ունի իր տնակը, ինչպես են էլֆերն օգնում նրան։ Ու ի վերջո՝ կիմանան, թե ինչպիսին է հեքիաթային Լապլանդիան։ Կարծում եմ, մեր թիմին հաջողվել է բոլորիս համար ստեղծել Ամանորի հեքիաթը։ Տարեցտարի այգու հյուրերի թիվը բազմապատկվում է, և մենք ժպտացող ու փայլուն աչքերով ավելի շատ փոքրիկների ենք ընդունում։ Կարծում եմ՝ ավելի մեծ գնահատանք ու ձեռքբերում չէր կարող լինել»։ 
 
Հին երևանյան այգին այսօր մեծ ու լուսավոր սահադաշտի, սրճարանների, ռեստորանի, զիփլայնի, հրաձգարանի և ժամանցի այլ հետաքրքիր տաղավարների շնորհիվ վերածվել է հեքիաթային վայրի։ Ձմեռային այգու մուտքն ազատ է, իսկ սահադաշտը գործում է մինչև երեկոյան 24:00։ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն