Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր


Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր

  • 15-12-2021 13:25:30   | Հայաստան  |  Հասարակություն

 
13 դեկտեմբերի 2021թ.՝  Այսօր Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ հայ դոնորի օգնության կարիքն ուներ լեյկեմիայով տառապող կանադացի մի հիվանդ, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։ 
 
Յուրաքանչյուր փոխպատվաստում փորձություն է: Մասնագետների շղթայի յուրաքանչյուր օղակ, որոնք ձեռքից ձեռք, երկրից երկիր են փոխանցում կյանքի հույսը, պետք է անխափան աշխատի: Այս ժամանակ բացվում են բոլոր սահմանները, մարդիկ մոռանում են ազգային պատկանելություն և ունեն միայն մեկ նպատակ՝ ժամ առաջ տեղ հասցնել կենսաբեր բջիջները և օգնել հիվանդին հաղթահարելու մահաբեր հիվանդությունը: 
 
  Ասօրվա մեր դոնորը Գայանե Այվազյանն է։ Գայանեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից է, ունի 2 դուստր։ Գայանեն առաջին իսկ օրվանից, երբ իմացավ որ համատեղելի է հիվանդի հետ, մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ համաձայնվեց օգնության ձեռք մեկնել նրան: Քաջ գիտակցելով դոնոր դառնալու նախապատրաստման փուլի և ցողունային բջիջների հավաքման ողջ գործընթացը՝ իր հերթին նպաստեց լավագույնս կազմակերպելու այն:   
 
Այսօր հաջողությամբ ավարտվեց դոնորի ցողունային բջիջների հավաքագրման փուլը: Գայանեն շատ երջանիկ և հպարտ է, քանի որ իր շնորհիվ Կանադայում գտնվող հիվանդը հնարավորություն կունենա ապաքինվելու և ապրելու: 
 
Շնորհակալություն Գայանե, որ հույսի մի շող պարգևեցիր մահաբեր հիվանդության ճիրաններում գտնվող հիվանդին: Այդպիսի պատրաստակամությամբ նվիրաբերված բջիջները չեն կարող չփրկել, ուղղակի չեն կարող: Իսկ դու կապրես այն գիտակցությամբ, որ այս աշխարհում կա մեկը, որ վայելում է արևի լույսը հենց քո շնորհիվ: 
 
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: 
 
Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան  32.000 դոնոր, ռեեստր դիմած 5517 հիվանդի հետ նախնական համընկնող 5468 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 37-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
 
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ:
 
Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն