Միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին


Միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին

  • 17-12-2021 14:07:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 14-16-ն առցանց ձևաչափով անցկացվեց «Ալեքսանդր Սպենդիարյան 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին: Նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: 
 
Միջազգային գիտական նստաշրջանին ընդգրկված էին 40 մասնակիցներ ՀՀ-ից (Երևան, Գյումրի, Էջմիածին), ԱՀ-ից (Ստեփանակերտ), ՌԴ-ից (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կազան, Յակուտսկ), Լատվիայից, Շվեդիայից և Նիդերլանդներից: Ներկայացվեցին բազմազան զեկույցներ՝ նվիրված Սպենդիարյանի կյանքի ուղուն, ստեղծագործության տարբեր ոլորտներին, ժանրերին և ոճական առանձնահատկություններին` թե՛ անցյալի, թե՛ 21-րդ դարի դիտանկյունից, դիրիժորական գործունեությանը, իր ժամանակակից մշակութային գործիչների հետ առնչություններին, նրա կերպարին՝ կերպարվեստում և քանդակագործության մեջ, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանին՝ Հայաստանի երաժշտական թանգարանների շարքում:
 
Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ տվյալ գիտական նստաշրջանին մասնակցեցին ոչ միայն ակադեմիկոսներ, արվեստագիտության դոկտորներ և թեկնածուներ, այլև՝ Սպենդիարյանի արվեստի երիտասարդ հետազոտողներ: 
 
Մասնագիտական ընդգրկումը նույնպես լայն էր՝ երաժշտագետներ և երաժիշտ կատարողներ, մշակութաբաններ, գրականագետներ, լեզվաբաններ: 
 
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2022 թվականի սկզբին կհրատարակվեն գիտական նստաշրջանի արդյունքները, որոնք կարտացոլեն միջազգային սպենդիարյանագիտության արդի վիճակը և կարևոր ներդրում կդառնան ակադեմիական սպենդիարյանագիտության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն