«Շչելկունչիկ»-ը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է


«Շչելկունչիկ»-ը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է

  • 21-12-2021 17:26:37   | Հայաստան  |  Մշակույթ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 28-ին և 30-ին տեղի կունենա Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» («Շչելկունչիկ») երկու գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը:
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ բեմադրված «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացման առաջնախաղին նվիրված մամուլի ասուլիսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, հրավիրյալ բեմադրող, բալետմայստեր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունը:
 
Կարեն Դուրգարյանի նշմամբ՝ «Մարդուկ-Ջարդուկը» երկար սպասված ներկայացում է, որի իրականացմանը մեծապես աջակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, մեծ ջանքեր են ներդրել թատրոնի ողջ անձնակազմը, հրավիրյալ բալետմայստեր Գեորգի Կովտունը: Միահամուռ ջանքերի շնորհիվ երեխաների համար ստեղծվել է մի հրաշալի ներկայացում: 
 
«Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ներկայացման առաջնախաղը, և, վստահաբար, «Մարդուկ-Ջարդուկը» կներկայացնենք ոչ միայն Օպերայի և բալետի ազգային ակադեմական թատրոնի բեմում, այլև մարզերում, որպեսզի մարզերում բնակվող երեխաները ևս կարողանան դիտել այս ներկայացումը»,- տեղեկացրել է Կարեն Դուրգարյանը:
 
Արա Խզմալյանի խոսքով՝ ամիսներ առաջ էր, որ կոլեկտիվին ներկայացրել էր մաեստրո Դուրգարյանին, իսկ ամիսներ հետո կարելի է փաստել մի իրողություն. արդեն փոխվել են կառույցի բովանդակությունը, աշխատանքի ռիթմը, ավելացել են մտահղացումներն ու անելիքները: 
 
«Քննարկման արդյունքում որոշվել էր, որ Նոր տարվա լավագույն նվերը կարող է լինել «Մարդուկ-Ջարդուկը» առաջնախաղը, և արդեն աշխատանքների ընթացքում ներկայացման տոմսերն սպառված էին: Հաճախ ենք մտածում, թե որն է այս մեծ հետաքրքրության ֆենոմենը, և հերթական անգամ համոզվում ենք, որ թերևս վերջին շրջանում մշակույթն ունի շատ ավելի մեծ դերակատարում, քան մենք կարող ենք պատկերացնել: Մշակույթն այսօր միայն գեղարվեստական պահանջմունք չի բավարարում, այն կատարում է հսկայական թերապևտիկ գործառույթ: Մեր հասարակությունն այսօր կարիք ունի հեքիաթի, լավատեսության, լույսի, սպասումի, տոնի: Ահա այս ներկայացումը մշակութային և խաղացանկային քաղաքականության տեսակետից ավելի քան անվրեպ է, ինչը փաստում է նաև հանրային մեծ հետաքրքրությունը»,- նշել է նախարարի տեղակալը և համոզմունք հայտնել, որ արտասահմանցի գործընկերների ընդգրկման, ամբողջ թատրոնի ներուժի կենտրոնացման շնորհիվ ունենք հետաքրքիր, սպասված ու գունեղ ներկայացում:
 
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է նաև մշակույթի ոլորտում կրթության խնդրին և տեղեկացրել, որ մշտապես քննարկումներ են իրականացվում կադրերի պատրաստման ուղղությամբ: Նախարարի տեղակալը ուրախությամբ հավելել է, որ քննարկման և պայմանավորվածության համաձայն՝ աննախադեպ կերպով ակտիվացել են կապերը պարարվեստի ուսումնարանի հետ, և թատրոնի բազմաթիվ ներկայացումներում ավելի ու ավելի են ընդգրկվում պատանիները՝ այս կերպ կարգավորելով նաև աշխատանքի, մասնագիտական կատարելագործման խնդիրները:
 
Ներկայացման բեմադրիչ, բալետմայստեր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունը, ով բեմադրություններ է իրականացրել աշխարհի մի շարք հեղինակավոր թատրոններում, իր խոսքում ընդգծել է, որ այստեղ գտնվելու հիմնական պատճառը հայ երեխաներին հեքիաթ նվիրելու իր մեծ ցանկությունն է:
 
«Այս հեքիաթը պահանջված է ամբողջ աշխարհում, որովհետև այն ունի հրաշալի երաժշտություն, գեղեցիկ բովանդակություն: Ամեն տարիքում երեխան յուրովի է ճանաչում աշխարհը, և ահա հենց այս ամենն էլ արտացոլվում է «Շչելկունչիկ» ներկայացման մեջ»,- նշել է անվանի բալետմայստերը և շնորհակալություն հայտնել հրավերի համար:
 
Տեղեկացնենք, որ նշանավոր բալետմայստերը մասնակցել է Ռուսաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում իրականացված ավելի քան 300 ներկայացումների բեմադրման աշխատանքներին, որոնց թվում են «Սպարտակը», «Դոն Կիխոտը», «Մարդուկ-Ջարդուկը» և այլն:
 
Նշենք, որ Պ. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետը հատուկ տեղ է զբաղեցնում կոմպոզիտորի ուշ շրջանի ստեղծագործությունների շարքում: Այն հեռացել է բալետի ժանրի ավանդույթներից և յուրահատուկ է երաժշտական կերպարների կերտման նորարարությամբ։
«Շչելկունչիկ» բալետային ներկայացման հայաստանյան բեմադրությունն ամբողջովին նոր է, թատրոնի խաղացանկում ներկայացվում է առաջին անգամ: Ներկայացման հագուստները և դեկորացիաները պատրաստվում են Հայաստանում՝ բեմանկարիչ Վյաչեսլավ Օկունևի էսքիզներով:
Ներկայացման երաժշտական ղեկավարն ուդիրիժորը Կարեն Դուրգարյանն է: 
 
Առաջնախաղի գլխավոր դերակատարներն են. Դրոսել Մեյեր՝ Միլիտոն Կիրակոսյան, Մարի՝ Կարինա Շիկանյան, Ֆրից` Ավիկ Հովհաննիսյան, Մարդուկ-Ջարդուկ՝ Գարեգին Բաբելյան, մկների թագավոր՝ Արմեն Զաքարյան, արքայազն՝ Ռազմիկ Մարուքյան, փերի՝ Սոնա Վարդանյան:
Հիշեցնենք, որ ներկայացումն առաջին անգամ ցուցադրվել է 1892 թվականի դեկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, իսկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջնախաղը կայացել է 1985 թվականին Պարարվեստի ուսումնարանի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ։
 
 
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ 
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ