Հաճախ Yandex-ի վարորդներն ուղևորին Երևանից գյուղ չեն տանում. ծառայության ղեկավարը պարզաբանում է՝ ինչ անել նման դեպքերում


Հաճախ Yandex-ի վարորդներն ուղևորին Երևանից գյուղ չեն տանում. ծառայության ղեկավարը պարզաբանում է՝ ինչ անել նման դեպքերում

  • 29-12-2021 21:00:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վերջին մի քանի օրերի ընթացքում «Հայկական Ժամանակ»-ի խմբագրություն դիմած քաղաքացիները նշում են, որ «Յանդեքս» տաքսի ծառայության որոշ վարորդներ հրաժարվում են գրանցել և տեղ հասցնել այն պատվիրատուներին, որոնք Երևանից պետք է գյուղեր ուղևորվեն: Նրանց խոսքով՝ ծառայությունից օգտվելիս շատ հաճախ գնալու վայրը չեն նշում, որպեսզի վարորդն ընդունի պատվերը, քանի որ իմանալով, որ գնալու վայրը Երևան քաղաքից դուրս է, կա՛մ չեղարկում է այն, կա՛մ էլ ուղևորին իջեցնում ճանապարհի կեսին:
 
Հարցի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը դիմեց «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանին: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ նման դեպքերի մասին իրենք ահազանգեր չեն ստացել: Սակայն, ամեն դեպքում, եթե առաջանում է նման խնդիր, պատվիրատուն պետք է դիմի «Յանդեքս»-ի «աջակցություն» ծառայությանը: Նմանատիպ դեպքերից խուսափելու համար ծառայությունը վարորդների նկատմամբ համապատասխան որակավորման ստանդարտներ է կիրառում:
 
«Երբ վարորդը գրանցվում է «Յանդեքս»-ի պլատֆորմում, իրեն տրվում է ռեյտինգի ամենաբարձր շեմը: Ըստ հաճախորդների ֆիդբեքի, այսինքն՝ գնահատման համակարգի, այդ ռեյտինգը կարող է նվազել կամ բարձրանալ: Ավելի բարձր տարիֆների (սակագին) դեպքում որակային ստանդարտներն ավելի բարձր են, օրինակ՝ «կոմֆորտ պլյուս»-ի դեպքում որակային ստանդարտը բարձր է, բայց, ըստ պատվիրատուի ֆիդբեքի, ռեյտինգը կա՛մ կնվազի, կա՛մ կբարձրանա: Այդպիսով՝ վարորդի ռեյտինգն ընկնում է, ու նա կորցնում է հասանելիությունը պլատֆորմում: Որակային այդ ստանդարտներով մենք փորձում ենք  ապահովել վարորդների որակային կարգավիճակը: Ուստի կարևոր է հաճախորդի ֆիդբեքը, որպեսզի ովքեր պատվիրատուի հետ այդպես վարվեն, շուկայում հասանելիություն չունենան»,- նշեց Գասպարյանը:
 
Վարորդների այդպիսի պահվածքն անընդունելի է իրենց համար, շեշտում է նա: Ու թեև նրանք ունեն անկախություն՝ վարելու տաքսի ծառայությունն իրենց սեփական մեքենայով, ցանկացած ժամի և պահի, բայց պարտավոր են հետևել այն որակական ստանդարտներին, որը նրանցից պահանջում է ծառայությունը: Այդ ստանդարտները պարտադիր են շուկայում:
 
«Մեզ մոտ «վարորդ» հասկացությունը չկա, մենք մեր գործընկերներին անվանում ենք ուղևորափոխադրողներ: Նրանք անցնում են թեստավորումը և յուրացնում ծառայության ստանդարտները: Ուրիշ հարց է, որ վարորդը պլատֆորմում ճիշտ է ընկալում դա, բայց  կյանքի է կոչում այլ կերպ ու ցույց է տալիս այլ վերաբերմունք: Մեր որակային ստանդարտներն ամբողջությամբ խիստ են դրված, և կարճ ժամանակի ընթացքում պատվիրատուի կողմից բացասական ֆիդբեքը թողնելուց հետո նա ինքնաբերաբար դուրս է մնում համակարգից: Օրինակ՝ «ստանդարտ»-ի դեպքում ծառայության ռեյտինգը 4.55 է, նման վերաբերմունքի արժանանալիս հաճախորդը պետք է իր ֆիդբեքը թողնի՝ մինչև վարորդի ռեյտինգը իջնի: «Կոմֆորտ պլյուս»-ի դեպքում մեկ վարորդի համար սահմանված է 4.87 ռեյտինգ, բավական է մի պատվիրատուի բացասական ֆիդբեքը, ու հասանելիությունը համակարգում վարորդը կկորցնի»,- ասաց նա:
 
Անդրադառնալով նաև ծառայության գնային համակարգի ոչ ֆիքսված լինելուն, այսինքն, երբ քաղաքացիները A կետից B կետ տարբեր օրերի «Յանդեքս» տաքսի ծառայությունից օգտվելիս գումարը վճարում են ոչ ֆիքսված, Գասպարյանն ասաց՝ դա կոչվում է հավելավճար և անհրաժեշտ է, որ կարողանան ապահովել պատվիրատուների և վարորդների միջև բալանսը:
 
«Դրա նպատակը շուկայում տվյալ պահին տվյալ թաղամասում տվյալ պայմաններում ու ժամին այնպես անելն է, որ վարորդների և պատվիրատուների թիվը հավասարվի: Ենթադրենք՝ կա 100 պատվիրատու և 100 վարորդ, սա նշանակում է, որ գինը ֆիքսված է, երբ որ լինում է 110 պատվիրատու և 100 վարորդ, ապա այդ բալանսը խախտվում է: Որպեսզի դա վերականգնենք, պետք է վարորդների թիվն ավելացնենք: Դրա համար խթանիչ մեխանիզմ է պետք, խթանիչ մեխանիզմն էլ հավելավճարի քաղաքականությունն է: Երբ որ գինը բարձրանում է, վարորդներն ավելի շահագրգռված են լինում և պատրաստ՝ դուրս գալու գիծ՝ այսպես ասած: Բայց երբ կա 110 պատվիրատու և 110 վարորդ, ապա գինը բալանսավորվում է: Իսկ երբ վարորդների թիվը գերազանցում է պատվիրատուների թիվը, այդ դեպքում գինը նվազում է, դա կոչվում է գերառաջարկ, որպեսզի գերառաջարկի և պահանջարկի բալանսը ապահովվի, գործում է հավելավճարի քաղաքականությունը»-, մանրամասնեց Գասպարյանը:
 
Ամանորյա այս օրերին նույնպես այդ քաղաքականությունն աշխատում է, ասում է՝ «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավարը: Հիմա պատվիրատուների քանակը գերազանցում է վարորդների քանակին, և գնային քաղաքականությունը թանկանում  է այնքան՝ մինչև վարորդների և պատվիրատուների միջև բալանսը վերականգնվի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը