Պոլսո Հայոց պատրիարքը կեղծիքներ է տարածում քովիդի մասին՝ կրոնի քողի տակ

Պոլսո Հայոց պատրիարքը կեղծիքներ է տարածում քովիդի մասին՝ կրոնի քողի տակ

  • 03-01-2022 16:16:37   | Թուրքիա  |  Հասարակություն

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
 
2021 թվականի հոկտեմբերին Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Ստամբուլի Գում Գափու թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցում հանդես եկավ մի շատ տարօրինակ քարոզով՝  լի դավադրություններով և վախազդու հայտարարություններով։ Նրա հակագիտական և անպատասխանատու խոսքերը նպատակ ունեին իր ծխականներին տարհամոզել կորոնավիրուսի դեմ պատվաստումներից՝ այդպիսով վտանգելով նրանց կյանքը։
 
Պատրիարքն իր քարոզում մեջբերեց Աստվածաշնչում Հայտնության Գրքի 13-րդ գլխից 16-18-րդ համարները։ Ես աստվածաբան չեմ, սակայն կարծում եմ, որ նա չարաշահում է Աստվածաշնչի համարները՝ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելու համար: Հովհաննես Առաքյալի առեղծվածային գործը՝ Հայտնության Գիրքը, ունի բազմաթիվ մեկնաբանություններ, սակայն նրա գրությունները իր մահից հետո երկու հազար տարի անց ի հայտ եկած վիրուսի հետ կապելն անիմաստ է և վտանգավոր, մանավանդ Թուրքիայում, որը վեցերորդ տեղն է գրավում աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ մահացածների թվով։ 
 
Պատրիարքն իր քարոզը սկսեց՝ հղում անելով Հայտնության Գրքի հետևյալ հատվածին.  Գազանը «ստիպեց բոլոր մարդկանց՝ մեծ ու փոքր, հարուստ և աղքատ, ազատ և ստրուկ, որ իր կնիքը դնի նրանց աջ ձեռքի կամ ճակատի վրա, և նրանք չպիտի կարողանան առևտուր անել, եթե չունենան այդ կնիքը, որը գազանի անունն է կամ իր անվան թիվը․․․ Դա 666 թիվն է»։
 
Ահա հատվածներ պատրիարքի արտառոց քարոզից. 
 
«Եվ ով որ այս կնիքը [գազանի] չունենա, չպիտի կարողանա առևտուր անել, չպիտի կարողանա շրջել և նույնիսկ հաց ուտելու կարելիությունը չպիտի ունենա․․․ Ուրեմն, մեր մարմնի վրա, մեր ձեռքին կամ մեր ճակատին դրվելիք տեխնոլոգիական չիպը, մենք հասկանում ենք, որ մեր կատարյալ վերահսկողության խորհրդանիշն է։ Այսինքն, ուր որ գնաս, պիտի իմանան, թե դու որտեղ ես։ Ինչքան տեղեկություն կա քո մասին, դրա [չիպի] մեջ է տեղադրվելու՝ քո հիվանդությունները, քո հարաբերությունները, քո վիճակը, և քո բանկային հաշիվները պիտի դրա մեջ լինեն։ Քո առողջությունը դրա մեջ պիտի լինի։ Եվ դու առանց դրա չպիտի կարողանաս որևէ գործ կատարել։  Եվ այս, իհարկե, մեզ պիտի ծանոթացվի որպես առաջադիմություն,  տեխնոլոգիական առավելություն, և մենք երբեմն ուզելով պիտի առնենք այդ չիպը»։
 
«Սրանք այլևս տեսություններ չեն։ Որոշ եվրոպական երկրներում սկսված է այս դրությունը։   Ի՞նչ պիտի անենք։ Ի՞նչ պիտի լինենք։ Երբ որ ժամանակը գա, և մեզ պարտադրեն, որ մենք այսպիսի չիպեր ունենանք, որի մեջ 666 թիվը գրված է, կամ այդ սատանայի որդու անունը գրված է, ի՞նչ պիտի անենք մենք։ Քրիստոնյաները միշտ այս նյութի շուրջ երազանքով են խոսել, որ ապագայում պիտի լինի, ապագա եկողները թող մտածեն։ Բայց հիմա եկավ։ Եկավ մեր դռները, մի քանի տարվա մեջ, ամենաուշը 2030 թվականին պիտի իրականանան այս զարգացումները»։
 
«Ի՞նչ պիտի անենք մենք՝ քրիստոնյաներս։ Այս հարցով եկեղեցու պետերը պիտի խոսեն, առաջնորդները, որ չեն խոսում։ Բայց եկեղեցու հավատացյալները հատակում խոսում են,  որովհետև այնքան բացահայտ է մարգարեությունը, Աստծո խոսքն այնքան հստակ է, որ խոսվում է։ Եվ ինչ կպատահի, եկեղեցու պետերը, առաջնորդները եպիսկոպոսական մարդարդակով չեն խոսում այդ հարցով, երբ որ հատակը՝ ժողովուրդը, խոսում է, այն ժամանակ, սա կխոսվի չափազանցությամբ և ավելորդապաշտությամբ։ Եկեղեցին վախճանաբանության մասին գիտություն ունի, վարդապետություն ունի,  սա վերջին օրերի գիտությունն է։ Հավատամքի մեջ մենք ասում ենք՝ Քրիստոսը պիտի վերադառնա։ Մեր հավատքի անբաժանելի մեկ մասն է սա։ Ուրեմն եկեղեցու վարդապետությունը հստակ կերպով այս նյութերով քրիստոնյա համայնքներին պետք է լուսաբանվի»։
 
«Պետք է քրիստոնյա առաջնորդները քով քովի գան, այս հարցի շուրջ խոսեն, քանի դեռ  կանուխ է։ Նախ, այս բաները լինելուց հետո շատ ուշ կլինի։ Պետք է հիմա քով քովի գանք ու խոսենք։ Եկեղեցական, եպիսկոպոսական ժողովներն այս նյութով պիտի կատարվեն հիմա, երբ ազատ ենք և կարողությունը ունենք։ Մի քանի տարի անց այդ կարողությունը պիտի չունենանք։ Ես, որպես պատրիարք, այս կոչն ուղղում եմ թե՛ իմ ժողովրդին, թե՛ եկեղեցու առաջնորդներին՝ այս հարցով հետաքրքրվեն և փողը հնչեցնեն, որովհետև Աստվածաշնչի մեջ մեզ համար, քրիստոնյա առաջնորդների համար, մի սարսափելի ազդարարություն կա։ Եզեկիել մարգարեի բերանով Աստվածն ասում է՝ Մարդ-որդի, քեզ պահակ կարգեցի այս ժողովրդի վրա, երբ որ կտեսնես սուրը, վտանգը, և ահազանգ չես հնչեցնի, և սուրը կգա, այն ժամանակ նրանց արյունը քեզանից կհարցնեմ։ Բայց եթե, երբ որ ահազանգը հնչեցնես և ասես, որ սուրը գալիս է, միջոցառումներ ձեռք առեք, և եթե իրենք չեն լսում, սուրը գալիս է, այն ժամանակ դու ազատ ես նրանց արյունից։ Ուրեմն, քրիստոնյա առաջնորդների համար ավելորդաբանություն, չափազանցությuն եղած մի նյութ, քրիստոնյա առաջնորդները քով քովի գալու ժամանակ, խոսելն ամոթ նկատված մի նյութ, ես այստեղից կխոսեմ։ Եվ կազդարարեմ մեզ լսողներին, իմ ձայնս հասանելիք ժողովրդին՝ օրը հասավ․․․ Այլևս չենք կարող վախճանաբանությունը հետաձգել։ Ստիպված ենք եկեղեցու առողջ վարդապետությունը  կիրառել մեր օրերում, հավատք արծարծել, մեր միջոցները ձեռք բերել, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել․․․»։
 
Ցույց տալու համար, որ պատվաստման մասին պատրիարքի խուճապային խոսքերը կրոնական հիմք չունեն, մեզ մնում է միայն անդրադառնալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ պատվաստանյութի մասին տարածած հայտարարությանը։
 
«Ազատություն» ռադիոկայանի օրերս տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հայ առաքելական եկեղեցին մերժել է իր հավատացյալների կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու կրոնական պատճառները»։ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհուրդն ընդգծել է, որ «պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում»։
Եկեղեցին հայտարարեց նաև, որ Գարեգին Բ կաթողիկոսը և բազմաթիվ այլ հոգևորականներ պատվաստվել են։
Հուսով եմ, որ հայերը կլսեն Կաթողիկոսի, այլ ոչ թե Պոլսո պատրիարքի խորհուրդը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ՝ փրկելու ինչպես իրենց, այնպես էլ  իրենց շրջապատող մարդկանց կյանքը։
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը