Մեր 180-ամյա Վերքը. Աբովյանական օրեր՝ ՀՀ մարզերում
05-01-2022 16:52:31 | Հայաստան | Մշակույթ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ 2021թվականին Հրազդան, Աբովյան, Գյումրի և Դիլիջան քաղաքներում տեղի ունեցավ «Մեր 180-ամյա Վերքը» խորագրով միջոցառումների շարքը՝ նվիրված մեծանուն Լուսավորչի նշանավոր վեպի ստեղծման 180-ամյա հոբելյանին։ Այս մասին հայտնում են Խ. Աբովյանի տուն-թանգարանից:
Աբովյանական տարին նշանավորվեց տասնյակ հիշարժան ու կարևոր ձեռնարկներով՝ զեկույցներ, դասախոսություններ, թատերականացված ելույթներ, օլիմպիադաներ, շնորհանդեսներ, մասնագիտական քննարկումներ, համերգներ։
Տարբեր քաղաքների Աբովյանի անվան փողոցներում կազմակերպվեցին շրջայցեր, հնչեցին հատվածներ Խ․Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից` Սուրեն Քոչարյանի ընթերցմամբ:
Գյումրու Ավ․ Իսահակյանի և Հովհ․Շիրազի տուն-թանգարաններում ներկայացվեց Գրիգոր Խանջյանի «Վերքի» նկարազարդումների ցուցադրությունը, որին հաջորդեց վեպի նոր հրատարակության շնորհանդեսը, այնուհետև Երևանի և Գյումրու արտիստների մասնակցությամբ համերգային ծրագիրը: Ելույթ ունեցան նշանավոր գրականագետներ և լեզվաբաններ:
Գյումրու «Զանան» մշակութային կենտրոնում գրականագետ Սամվել Մուրադյանը, Արքմենիկ Նիկողոսյանն ու Նարինե Դիլբարյանը ուշագրավ դրվագներ ներկայացրեցին Հովհաննես Շիրազի և Իսահակյանի կյանքից՝ կապված «Վերքի» ընթերցումների հետ։
180-ամյա Վերքըի հոբելյանական տարին եզրափակեց Դիլիջանի Երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի ունեցած միջոցառումների շարքով։
Ամբողջ տարվա ընթացքում Վերքի պատգամները տարածվեցին ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև ամբողջ հանրապետությունում։
Հոբելյանական հանդիսությունների ավարտին Խ․ Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց ու կազմակերպություններն, որոնց ջանքերի շնորհիվ աբովյանական պատգամները տարածվեցին հայրենիքում՝ մասնակից դարձնելով հազարավոր անձանց։
«Վերք Հայաստանի» պատմավեպը Խաչատուր Աբովյանիը գրել է 1841 թվականին։ Այն դասվում է այնպիսի գրական հուշարձանների շարքին, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգությանը»։
2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Խ. Աբովյանի տուն-թանգարանում նախատեսվում է աննախադեպ ցուցադրություն՝ «Վերք Հայաստանի» վեպի տարբեր տարիների հրատարակությունների։