06-01-2022 14:21:53 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ․ Այսօր երեկոյան նախատեսված Երևան–Ակտաու չվերթը չեղարկվել է։
Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջից։
Չեղարկման պատճառը, ամենայն հավանականությամբ, Ղազախստանում տիրող իրավիճակն է։
SCAT ավիաընկերության Երևան-Ակտաու չվերթը նշանակված էր Երևանի ժամանակով 18.10–ին։ Ավելի վաղ չէր կայացել նաև Ակտաու– Երևան գիշերային չվերթը։
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից: Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագրեր է ստորագրել Ալմաթիում և Մանգիստաու շրջանում հունվարի 5-19-ն արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ այնտեղ անկարգությունների վերածված ցույցերի պատճառով հասարակական անվտանգությունն ապահովելու համար:
Ամենաշատ հանրահավաքներն անցկացվել են Ակտաուում, Ժանաոզենում և Ատիրաուում։