Ղազախստանում ահաբեկչական վտանգի «կարմիր»՝ կրիտիկական մակարդակ է հայտարարվել


Ղազախստանում ահաբեկչական վտանգի «կարմիր»՝ կրիտիկական մակարդակ է հայտարարվել

  • 07-01-2022 15:03:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրում հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն մինչև զինյալների ամբողջական ոչնչացումը։ Տեղեկությունը հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
 
Տոկաևը զինյալներ է անվանում զինված ցուցարարներին, որոնք բողոքի ակցիաների ֆոնին անկարգություններ ու բռնություններ են իրականացնում:
 
Զինյալների վնասազերծման կապակցությամբ Ղազախստանի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի «կրիտիկական կարմիր» մակարդակ է սահմանվել։
 
Նախագահն այսօր առավոտյան հակաահաբեկչական շտաբի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են երկրում օպերատիվ իրավիճակը, հակաահաբեկչական գործողության ընթացքը, տարածաշրջաններում տիրող իրավիճակը:
 
Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ալմաթիի կենտրոնական հրապարակում դարձյալ ինտենսիվ կրակահերթ է սկսվել:
 
Այս տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ են մեկնարկել Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար, քանի որ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկզբում ուղեկցվել են անկարգություններով և ծեծկռտուքներով, այնուհետև՝ վերածվել զինված բախումների: 
 
Այդ բախումների հետևանքով կան զոհեր, հազարավոր տուժածներ, մի քանի հարյուր հոսպիտալացվածներ, իրավիճակը երկրի ներսում պայթյունավտանգ է:
 
Խառնաշփոթն սկսվել է այն բանից հետո, երբ մեքենաների համար օգտագործվող հեղուկ գազի գինը կրկնապատկվել է: Սրանից դժգոհ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները, որոնք գտնվում են նավթարդյունահանող Մանգիստաու շրջանում, դուրս են եկել հանրահավաքների։ Հանրապետության էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի ինքնարժեքն սկսել է ձևավորվել էլեկտրոնային բորսայում ինքնաբերաբար՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա։
 
Հունվարի 4-ին իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են կատարել ցուցարարների հիմնական պահանջը՝ նվազեցնել գազի գինը։ Չնայած դրան՝ բողոքի ցույցերը շարունակվեցին ավելի մեծ թափով, հետո Տոկաևը պաշտոնանկ արեց կառավարությունը։ Նա նաև հայտարարեց, որ դառնում է Անվտանգության խորհրդի ղեկավար, որը նախկինում ղեկավարում էր Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Կառավարությունը սահմանեց բենզինի և դիզվառելիքի գների պետական կարգավորում 180 օրով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը