Ոչ թե ազատում ենք, այլ՝ տեղափոխում. նախարարությունը պարզաբանում է Ինֆեկցիոն կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան
10-01-2022 12:31:55 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Երևանի Նորք Նորքի «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի աշխատակիցների մի մասն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա է անցկացնում:
Ինչպես Հայկական Ժամանակի հետ զրույցում ասաց կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառը փետրվարի 1-ից մեկնարկող կենտորնի «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքներներն են ու դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես դադարեցումը:
«Այդ մասնաշենքի կառուցման աշխատանքները տևելու են երկու տարի: Նախարարության հետ քննարկվում է այլ հիվանդանոցներից մեկում բացվի ինֆեկցիոն բաժանմունք ու աշխատակիցների մի մասը տեղափոխվեն այդ բաժանմունք աշխատանքի, բայց աշխատակիցները թերահավատորեն են ընդունում՝ կարծում են նրանց ազատում ենք աշխատանքից և բողոքի ակցիա են կազմակերպել»,- ասաց նա:
Բողոքի ակցիա անող մասնակիցների թիվը մոտավորապես 25-ն է: Աշխատակիցները պնդում են, թե չեն հավատում նախարարությանը և հիմա իրենց ազատում են աշխատանքից:
Բողոքի ակցիայի վերաբերյալ պարզաբանմամբ քիչ առաջ հանդես եկավ առողջապահության նախարարությունը:
«Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադերցվի»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները։