Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները. Պուտին

Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները. Պուտին

  • 10-01-2022 12:50:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ընթացող Հավաքականանվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց, որ Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները։
 
Նրա խոսքով` հասկանալի է, որ ղազախական պետականության սպառնալիքը պայմանավորված է ոչ թե տարերային ակցիաներով` կապված վառելիքի թանկացման հետ, այլ նրանով, որ իրավիճակից օգտվել են ապակառուցողական արտաքին և ներքին ուժերը: Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները դրսից միջամտության ոչ առաջին և ոչ էլ վերջին փորձն են։
 
Ընդ որում՝ ակտիվորեն կիրառվել են բողոքի տեղեկատվական աջակցության «մայդանային» տեխնոլոգիաներին բնորոշ տարրեր։ Օգտագործվել են գրոհայինների մանրակրկիտ պատրաստված խմբեր, այդ թվում՝ արտասահմանում ահաբեկիչների ճամբարներում պատրաստություն անցած։
 
ՌԴ նախագահի խոսքով` Ղազախստանի վրա հարձակումն ագրեսիայի ակտ էր, դրան պետք էր արձագանքել առանց հապաղելու։ Ղազախստանի նախագահի ուղերձն անմիջապես աջակցություն է ստացել բոլոր պետությունների ղեկավարների և Հավաքական անվտանգության խորհրդում նախագահող Հայաստանի վարչապետի կողմից։
 
Ղազախստանին ուղղված սպառնալիքն ընդհանուր է ՀԱՊԿ բոլոր անդամների համար. Տոկաև
«Շատ կարևոր է, որ մեր կազմակերպությանը հաջողվել է արագ և օպերատիվ որոշումներ կայացնել»,- ասաց ՌԴ առաջնորդը:
 
Պուտինը նշեց` կարելի է ասել, որ հաշված ժամերի ընթացքում, պետական իշխանության գործունեության հիմքերի խաթարումը թույլ չտալու համար հաջողվել է կանխել հանցագործների և ահաբեկիչների գործունեությունը։
 
«ՀԱՊԿ-ին հաջողվել է արագ և համակարգված որոշումներ կայացնել, որպեսզի թույլ չտրվի Ղազախստանի իրավիճակի դեգրադացիա։ Մենք ցույց տվեցինք, որ թույլ չենք տա մեր տանն իրավիճակը փոփոխել, իրականացնել գունավոր հեղափոխությունների սցենարները»,- ընդգծեց Պուտինը։
 
ՌԴ նախագահը նշեց, որ իր գործառույթների կատարումից հետո ՀԱՊԿ խաղաղապահների ողջ զորակազմը, անկասկած, դուրս կբերվի Ղազախստանից: Նրանք այնտեղ են գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի հոդվածին համապատասխան։
 
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
 
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
 
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը