Հայաստանը ՆԱՏՕ-ի դեմ հնարավոր պատերազմում


Հայաստանը ՆԱՏՕ-ի դեմ հնարավոր պատերազմում

  • 10-01-2022 16:19:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է.
 
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները հունվարի 10-ին տեսակոնֆերանս են անցկացրել, որը նախապատրաստել է ՀԱՊԿ խորհրդի նախագահող Նիկոլ Փաշինյանը։
 
Նույն օրը սկսում են Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները, որոնցում պետք է քննարկվեն Ռուսաստանի «իրավունքները» հետխորհրդային տարածքում։ Մոսկվայի համար այս կարևոր գագաթնաժողովից առաջ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի անվան տակ զորք մտցրեց Ղազախստան, կարծես մատնանշելով այն կոալիցիան, որի գլխավորությամբ պայքարելու է ՆԱՏՕ-ի դեմ։
 
Մոսկվան չի բացառում, որ անվտանգության երաշխիքների շուրջ Ժնևում ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կարող է սահմանափակվել մեկ հանդիպումով, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ-ն Մոսկվայի մտահոգությունները քննարկելու պատրաստակամություն ցույց չտա: Առճակատումը հասցվել է գագաթնակետին, իսկ պատերազմի հավանականությունը մեծանում է։
 
Հանդիպումից մի քանի օր առաջ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները, այդ թվում՝ Եվրամիությունում, կտրականապես հրաժարվեցին քննարկել Մոսկվայի վերջնագիրը։ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը անսովոր կոշտ էր. նա կասկածի տակ է դրել ՀԱՊԿ զորքերը Ղազախստան մտցնելու օրինականությանը, ասել, որ երբ Ռուսաստանը մտնում է ինչ-որ մեկի տուն, ապա նրան այնտեղից հնարավոր չէ վտարի, հիշեցրել է, որ Ռուսաստանն է, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն բռնակցել Ուկրաինայի, Վրաստանի տարածքները և զորքեր տեղակայել Մոլդովայում: ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն հայտարարել են, որ մտադիր չեն քննարկել աշխարհն «ազդեցության գոտիների» բաժանելու հարցը։
 
Ներխուժումների շարքում ԱՄՆ պետքարտուղարը չի հիշատակել հայկական Արցախը, ուր Ռուսաստանը, ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի, զորք է մտցրել և խորհրդային քարտեզներով փորձում է «դելիմիտացիա» իրականացնել Հայաստանում:
 
Չի բացառվում, որ Բլինքենի «մոռանալու» պատճառն այն է, որ Պուտինը Փաշինյանին նշանակել է իր նվագախմբի «առաջին սազանդար»։ Հայաստանը հայտնվել է նոր «Կարիբյան ճգնաժամի» առաջնագծում։ Փաշինյանի անունը շոշափվում է Ղազախստան ՀԱՊԿ զորք ուղարկելու «որոշման» մասին բոլոր տեղեկություններում, թեեւ բոլորը հասկանում են, թե դա ում որոշումն է եղել։
 
Նրանք, ովքեր հիմա փորձում են արդարացնել Փաշինյանին, որ նա չի կարող դիմակայել Պուտինի ճնշմանը, կարդարացնե՞ն Հայաստանի հավանական մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ հնարավոր պատերազմին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը