ՀԱՊԿ նիստում Երևանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ՀՀ-ի և Արցախի դեմ իրականացվել է ագրեսիա հենց ահաբեկիչների միջոցով. քաղաքագետ

ՀԱՊԿ նիստում Երևանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ՀՀ-ի և Արցախի դեմ իրականացվել է ագրեսիա հենց ահաբեկիչների միջոցով. քաղաքագետ

  • 11-01-2022 20:33:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Չենք կարող ասել, թե Ղազախստանում ինչպես կծավալվեին գործողությունները, եթե ՀԱՊԿ-ը զորախումբ չուղարկվեր:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին և ՀԱՊԿ-ի՝ այնտեղ խաղաղապահ զորախումբ ուղարկելուն՝ այս մասին ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը:
 
Հիշեցնենք՝ այս տարվա առաջին օրերը Ղազախստանում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցերով, որոնք սկզբում ուղեկցվեցին անկարգություններով և ծեծկռտուքներով, այնուհետև վերածվեցին զինված բախումների: Պատճառը հեղուկ գազի գնի կտրուկ թանկացումն էր: Ծավալված իրադարձությունների հետևանքով եղան զոհեր, հազարավոր տուժածներ, մի քանի հարյուր հոսպիտալացվածներ: Ղազախստանում իրավիճակը կայունացնելու համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) խաղաղապահ զորախումբ է ուղարկել այդ երկիր, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
 
Բադալյանի խոսքով՝ Ղազախստանի ուժային կառույցների մի մասը սկսել էր չենթարկվել նախագահ Տոկաևին:
 
«Հարց է՝ Տոկաևը կկարողանա՞ր իրավիճակը վերցնել իր վերահսկողության տակ, թե՞ ամեն բան կզարգանար հակառակ տրամաբանությամբ: Այս հարցերը անորոշ են եղել հենց Տոկաևի համար, որը միանգամից դիմեց ՀԱՊԿ-ին, իսկ մեծ հաշվով դա նշանակում է դիմել Ռուսաստանին»,- կարծում է քաղաքագետը:
 
Անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՀԱՊԿ արտահերթ նիստին՝ Բադալյանը նկատում է՝ կայացվել է քաղաքական որոշում, ՀԱՊԿ մեխանիզմն այդ տրամաբանությամբ առաջին անգամ աշխատեց. «Արտահերթ վեհաժողովի նպատակն իրավիճակի վրա քաղաքական ազդեցության ընդգծումն էր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթն էլ հենց այդ տոնայնության մեջ էր: Նա խոսում էր այնպիսի տրամաբանությամբ, որ ինքն է դրության տերը և վերահսկում է իրավիճակը»:
 
Բադալյանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ընդգծեց, որ ոչ վաղ անցյալում Հայաստանը բախվել է տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն։
 
Նրա խոսքով՝ ենթատեքստը հիշեցումն էր, որ ՀՀ-ը, կատարելով իր դաշնակցային պարտականությունները, միաժամանակ չի ստացել համարժեք վերաբերմունք ՀԱՊԿ դաշնակիցներից:
 
«Եթե դիտարկենք ֆորմալ տեսանկյունից, ապա այն գոտիները, որտեղ Հայաստանը բախվել է ահաբեկիչներին, ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակից դուրս են սակայն խնդիրը հետևյալն է. ՀԱՊԿ-ը կարող էր գործողություններ չիրականացնել, բայց ցուցադրել վերաբերմունք, սակայն դա էլ Հայաստանը չտեսավ: Գուցե տողատակով սա էր փորձ արվում հիշեցնել: Ինչպես նաև Երևանը ևս մեկ անգամ առիթը բաց չթողեց հիշեցնելու, որ Հայաստանի և Արցախի դեմ իրականացվել է պատերազմ, կիրառվել է ագրեսիա հենց ահաբեկիչների միջոցով»,- նշում է նա:
 
Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Ղազախստանում ահաբեկիչների վարկածն առաջ տանելը նախ և առաջ այդ երկրի իշխանության համար քաղաքական անհրաժեշտություն էր:
 
«Դրա տակ որքա՞ն փաստարկված իրականություն կա, դժվար է ասել: Կենտրոնական Ասիայի երկրներում շատ վաղուց են ձևավորված այդպիսի բջիջներ՝ անհրաժեշտության դեպքում գործի դնելու համար: Նոր ու զարմանալի չէ այն փաստը, որ Թուրքիան մեծ հետաքրքրություն ունի ռեգիոնի նկատմամբ և այն դիտարկում է Թյուրքական աշխարհի ստեղծման առանցքային ուղղություններից մեկը: Էրդողանի համար այդ ահաբեկչական բջիջները քաղաքականության առանցքային տարր են: Շատերի բնութագրմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ Ղազախստանում, սոցիալական ընդվզման ներքո ներկլանային պայքար էր»,- ասում է Բադալյանը:
 
Հարցին՝ համակարծի՞ք է այն պնդումներին, թե ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան մտցնելով՝ Ռուսաստանն իր վերահսկողության տակ առավ այդ երկիրը, իսկ Թուրքիայի ծրագրերը ձախողվեցին, քաղաքագետը կարծում է՝ վաղ է դրա մասին խոսելը:
 
«Սրանով Ղազախստանում գործողություններն ավարտված չեն: Շատ ավելի մեծ գործընթացներ առջևում են: Թուրքիան բացարձակ մտադիր չէ հետ կանգնել: Նա սկսել է ակտիվ դիվանագիտական ջանքերը՝ դիրքերը վերակագնելու և նոր դիրքավորումներ կատարելու համար: Երկարատև պայքար է սպասվում այլ շերտերում: Ի վերջո, մենք առաջին անգամ չէ, որ տեսնում ենք ռուս-թուրքական շահերի բախում, սակայն մենք նաև տեսել ենք դեպքեր, երբ եղել է փոխհամաձայնություն: Օրինակ՝ Սիրիայում, Լիբիայում, ցավոք սրտի, դա տեսանք նաև Արցախում: Որևէ ձև բացառված չէ, որ նմանատիպ դեպք կարող է արձանագրվել նաև Ղազախստանի պարագայում»,- նշում է քաղաքագետը:
 
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ Ղազախստանի դեպքերին արագ արձագանքելով՝ ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ կառույցը գոյություն ունի և կատարում է իր պարտականությունները, Հակոբ Բադալյանը կարծում է, որ այդ կառույցն աշխատում է և կենսունակ է այնտեղ, որտեղ ՌԴ-ն տեսնում է անհրաժեշտություն: Սրանով է ամփոփվում ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական բնույթը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը