Էրդողանի վարկանիշը 2015-ից հետո ամենացածր ցուցանիշն ունի հիմա


Էրդողանի վարկանիշը 2015-ից հետո ամենացածր ցուցանիշն ունի հիմա

  • 12-01-2022 16:16:36   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքական «Metropoll Araştırma» սոցիոլոգիական կազմակերպության իրականացրած վերջին հարցումները ցույց են տվել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը 2015-ից հետո ամենացածր ցուցանիշն ունի, փոխանցում է Ermenihaber.am-ը: 
 
Եթե 2018-ին Էրդողանն արժանացել էր հարցվածների 52 տոկոսի աջակցությանը, ապա այժմ ընդամենը 38 տոկոսն է պատրաստ եղել իր ձայնը տալ նրան: Այս ցուցանիշով Էրդողանը զիջել է առաջիկա ընտրություններում իր հավանական մրցակիցներից երեքին: Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշն արժանացել է հացվածների 60 տոկոսի,  Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 50 տոկոսի, իսկ ընդդիմադիր «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները 38.5 տոկոսի աջակցությանը:
 
Թուրքական լիրայի փոխարժեքի վերջին վայրիվերումներից հետո կատարված այս սոցհարցումներից պարզ է դարձել նաև, որ մասնակիցների 35.4 տոկոսն է միայն կարծում, որ իշխանությունները կարող են ավելի լավ կառավարել տնտեսությունը, իսկ 36.7 տոկոսը հակված է ընդդիմության լավ կառավարմանը:  
 
Հարցվածների միայն 26 տոկոսն է կարծում, որ Էրդողանի կառավարության վերջին քայլերը կարող են լավացնել տնտեսության վիճակը, իսկ 54 տոկոսը հակառակ կարծիքին է։
 
Ի դեպ, Թուրքիայի ամենահեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպություններից «ORC Araştırması»-ի վերջին հարցումների համաձայն՝ խորհրդարանում իշխանական «Ժողովուրդ» դաշինքը (39.1%) ավելի ցածր վարկանիշ ունի, քան ընդդիմադիր «Ազգ» դաշինքը (41.4%):  
 
«Ժողովուրդ» դաշինքը կազմում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ)։
 
«Ազգ» դաշինքը կազմում են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և Լավ» կուսակցությունները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը